ԲԼԻՆՔԵՆԸ ԵՎ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:
Պաշտոնյաներն անդրադարձել են Հարավային Կովկասում իրադարձություններին, մասնավորապես` Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն ընդգծել է կողմերի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է. ՖԻԴԱՆ
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացներն ակտիվացել են՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Անկարայում հանրապետության դեսպանների ամենամյա համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի դարաշրջանում» կարգախոսով։
«Մենք աշխատում ենք Հարավային Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ»,- շեշտել է դիվանագետը: Ֆիդանի խոսքով՝ Հարավային Կովկասում բարեկեցության և անվտանգության ապահովման համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան:
«Համակարգված գործողությունները տարածաշրջանում կայունության հիմնական պայմաններն են»,- հավելել է Ֆիդանը:
ՇՎԵԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հանդիպում է անցկացրել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների դեսպանների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Շվեդիայում Ղուրանի այրման ակցիաների, Ստոկհոլմի ու մահմեդական երկրների հարաբերություններում լարվածության և երկրի եվրատլանտյան ինտեգրումը խոչընդոտելու՝ Թուրքիայի քաղաքականության ֆոնին:
Բիլստրյոմը հավատացրել է՝ Շվեդիայի կառավարությունը կտրականապես մերժում է Սուրբ Գրքի պատճենների այրումը:
Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունն վերանայում է Հասարակական կարգի մասին օրենքը: Նա խոստացել է մոտ ապագայում այցելել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրներ՝ աշխատելու Ստոկհոլմի և այդ պետությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ:
ԿԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ. ՊԵՍԿՈՎ
Կիևի հետ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության գալու հիմքեր ներկայումս չկան՝ New York Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը: «Տեսանելի ապագայում ռազմական գործողությունը կշարունակենք»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Մոսկվան ցանկանում է պահել վերահսկողությունը այն տարածքների նկատմամբ, որոնք ամրագրված են Ռուսաստանի Սահմանադրությամբ: Կրեմլի խոսնակն այդպիսով նկատի է ունեցել Ղրիմը, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, Խերսոնը և Զապորոժիեն:
Ըստ New York Times-ի՝ Պեսկովը բացառել է ուկրաինական նոր տարածքների գրավումը:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ. ԶԱԽԱՐՈՎԱ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում օգոստոսի 5-6-ը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով անցկացված խորհրդակցությունները, որոնց մասնակցել են ներկայացուցիչներ շուրջ 40 երկրից, Ռուսաստանը քննարկումներին ներկա չի եղել:
«Չնայած Կիևն արգելում է Մոսկվայի հետ բանակցությունները, մենք պատրաստ ենք արձագանքել կարգավորման մասով լուրջ առաջարկներին։ Առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու՝ ճգնաժամի հետ կապված ցանկացած հանդիպում անիմաստ է»,- նշել է Զախարովան:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «հակամարտությունը արդարացի լուծում կստանա, միայն երբ Կիևը դադարեցնի ռազմական գործողություններն ու ահաբեկչական հարձակումները, իսկ Արևմուտքը վերջ տա ռազմական մատակարարումներին»։ Զախարովան պնդել է՝ խաղաղությունը հնարավոր է, եթե հաստատվի Ուկրաինայի «չեզոք, դաշինքներից դուրս, ոչ միջուկային կարգավիճակը»։ Նա հավելել է՝ պետք է նաև հաշվի առնվեն տարածքային նոր իրողությունները:
Ուկրաինայի նախագահի գրասենյակն էլ հայտարարել է, որ Կիևը փոխզիջումների չի գնա և ինքնանպատակ բանակցություններ չի վարի, քանի դեռ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքում են: