Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին ու ընդգծել Արդարադատության նախարարության և ԱՄԷ-ի միջև ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունները: Գրիգոր Մինասյանը շնորհավորել է տիկին դեսպանին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ երկուստեք կձևավորվի արդյունավետ համագործակցություն:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները կարևոր դերակատարում ունեն Հայաստանի դատական համակարգի կայացման գործընթացում և նշել, որ անձամբ հետաքրքրված է արդարադատության ոլորտով ու պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը մասնավորապես, դատաիրավական ոլորտի բարեփոխումները, թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արբիտրաժային կենտրոնի ստեղծումը։ Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա միջազգային արբիտրաժային կոնֆերանս, որի նպատակներից մեկն է լինելու նաև ներկայացնել կենտրոնի դերն ու գործունեությունը բիզնես ոլորտում, ինչպես նաև ապագան ու տեսլականը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ն ունի հարուստ փորձառություն թվայնացման, արբիտրաժային ոլորտներում և այս համատեքստում կողմերը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունը:
Դեսպանը մեծ ուրախությամբ հայտնել է, որ իր բոլոր ջանքերը կուղղի արդարադատության ոլորտի թվայնացման և արբիտրաժային ոլորտի զարգացման ուղղությամբ:
Նախարարն ու դեսպանը համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներ իրականացնել նախարարության և Արաբական Միացյալ էմիրությունների միջև ստորագրված համաձայնագրի ուղղությամբ:
Կողմերը քննարկել են նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել առկա համագործակցությունը: