Փակ գաղտնի քվեարկությամբ, 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը: Նա «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունից է, որը 2020 թվականի ընտրությունների արդյունքներով պատգամավորական 3 մանդատ ունի խորհրդարանում:
Դավիթ Իշխանյան (ԼՂ ԱԺ նախագահ) - Պատասխանատու պաշտոնը պարտավորեցնող է, ժամանակն ու կացությունը՝ առավել ևս: ԱԺ-ն իր քաղաքական ներկայացուցչական դերը պետք է բարձրացնի: ԱԺ հարթակում է, որ պետք է ստեղծվի քաղաքական մտքի բախման հնարավորությունը, և կայանա պետական քաղաքական որոշումների բյուրեղացման պրոցեսը:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Իշխանյանի թեկնածությունն առաջադրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով:
Արայիկ Հարությունյան (ԼՂ նախագահ) - Անկախ իր կուսակցական պատկանելությունից՝ Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական ու պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու ԱԺ նախագահի:
Իշխանյանին կողմ չեն քվեարկել Լեռնային Ղարաբաղի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընտրությունն արտահերթ էր: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը վերջերս հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան