Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Կ. Մ.-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ ենթարկել են ամբողջական զննության, ինչի արդյունքում վերջինիս մոտ առկա սպորտային պայուսակից հայտնաբերվել է փաթեթ՝ 1,9 գրամ քաշով, թմրանյութին նմանվող, դեղնականաչավուն զանգվածով: Կ.Մ.-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն:
Փաստից ելնելով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողներն անմիջապես խուզարկություն են իրականացրել նաև կալանավորված անձ Կ.Մ.-ի խցում:
Արդյունքում՝ ընդհանուր օգտագործման պահարանի ստորին հատվածից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնցից երկուսում առկա են եղել ընդհանուր 1,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգվածներ, իսկ երրորդում՝ 1,4 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված: Բացի այդ՝ նույն տեղից հայտնաբերվել է նաև 4 զույգ ականջակալ:
Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: