Պետգույքի կառավարման վարչության և «Արմենիա ստուդիոս» ընկերության միջև 2005-ին կատարված գործարքի հետևանքով պետությանը պատճառվել է 10 միլիոն դոլարի վնաս:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանությունն ավարտել է գործի ուսումնասիրությունը: Քանի որ հայտնաբերվել է Պետգույքի կառավարման կոմիտեի պաշտոնյաների կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ դատախազը հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության համար:
Կարապետ Հակոբյան (ՀՀ ԳԴ պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ) - 2005-ին կառավարության որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի անշարժ գույքը 266 մլն դրամ արժեքով պետք է վաճառվի «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով:
2005-ի պայմանագրով «Արմենիա ստուդիոս» ընկերությանը մրցույթով օտարվում է Երևանի Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող ավելի քան 24 հազար քմ մակերեսով շենք-շինություններն ու կինոբեմադրական միջոցները: Գնորդ ընկերությունը պարտավորվել է 10 տարում կատարել 10 մլրդ դրամի ներդրում՝ արդիականացնել կինոստուդիան, թվայնացնել կինոարխիվը:
Կարապետ Հակոբյան - Առաջին՝ 3-րդ, 6-րդ, 9-րդի փուլից ավարտից հետո պետք է հաշվետվություն ներկայացվեր ներդրումների վերաբերյալ: Պարզվել է, որ ընդհանուր նախատեսված 10 մլրդ-ից կատարվել է 748 մլն դրամի ներդրումային պարտավորություն, 9 մլրդ-ից ավելի ներդրումային պարտավորությունները չեն կատարվել:
Դատախազի խոսքով՝ «Արմենիա ստուդիոսի» ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005-ին ստեղծված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008-ի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության: Ընդհանուր կինոարտադրության համար նախատեսվել է 30 մլրդ դրամ ներդրում, որից առնվազն 10 մլրդըը պետք է այդ ընկերությունը կատարեր՝ 2005-2014 թվականներին: Բացի այդ, պետք է ապահովեր նաև 10 մլն դոլարի բանկային երաշխիք:
Կարապետ Հակոբյան - Պարզվել է, որ ներդրումային պարտավորությունները չկատարելու պայմաններում Պետգույքի կառավարման կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել բանկային երաշխիքով նախատեսված գումարից չկատարած ներդրումային պարտավորությունների չափով պետության օգտին գումարը ստանալու ուղղությամբ:
Կարապետ Հակոբյանի խոսքով՝ պատշաճ չի իրականացվել կինոարխիվի թվայնացումը. 460 ֆիլմից թվայնացել են 319-ը, ընդ որում՝ անորակ: Արդյունքում՝ ընկերության հետ պայմանագիրը լուծվել է, գույքի արժեքը՝ 350 մլն դրամը, վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի» 100 տոկոս բաժնետոմսերը դարձել են Հայաստանի սեփականություն։ Դատախազությունը պարզել է նաև, որ 2005-2016 թվականներին հափշտակվել է կինոստուդիայի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային, ավելի քան 2.5 մլն դրամ արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ՝ ընդհանուր 183 միավոր:
Կարապետ Հակոբյան - Նախաձեռնվել քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Հաղորդում է ուղարկվել նաև ԿԳՄՍՆ՝ գույքագրելու առաջարկով, որ արժեքը, տեսակը, քանակը պարզվեն, թե որքան են անհետացել, հափշտակվել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Լուրերին» ասացին, որ գույքագրման հանձնաժողովը ձևավորման փուլում է: