ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույցում անդրադարձել է ԼՂ անվտանգային ու հումանիտար իրավիճակին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքներին։
«Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է «հումանիտար աղետ» հասկացողության սահմանը, և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը` բնութագրելով ստեղծված իրավիճակը։
«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել է ԼՂ ղեկավարը։
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Բաքվի հետ երկխոսության հնարավորությանը․
«Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը` պնդելով միջազգային հանրությանը՝ հարգել մեր իրավունքները, և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- նշել է Հարությունյանը` ավելացնելով. «առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու եմ միջազգային հանրությանը, դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ ու պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, ապա պետք է ստեղծեն այդ պայմանները»:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, քաղաքական և հասարակական գործիչների արձագանքներին` Արայիկ Հարությունյանը ասել է, որ միջազգային հանրությանն ու դերակատարներին ուղղված իր նամակներին արձագանքներ եղել են, կլինեն, բայց արդյունք չկա։
«Առաջին նամակը ես ուղղել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին դեռ հուլիսի սկզբներին և իրականում ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է։ Դրա մասին լրացուցիչ Հայաստանի վարչապետը հուլիսի 5-ի հեռախոսազրույզում անդրադարձել է։ Դրանից հետո տեղի են ունեցել Ալիև-Փաշինյան-Միշել, ՌԴ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված եռակողմ՝ Բայրամով-Միրզոյան-Լավրով հանդիպումները։ Կարծես ամեն տեղ քննարկվել է, բարձրացվել է խնդիրը, կարծես ֆիքսել են ամեն տեղ, որ վիճակն օր օրի ավելի է վատթարանում, բայց արդյունքները, նորից եմ կրկնում, զրոյական են»,- հավելել է նախագահ Հարությունյանը:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: