Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա ժամանակավորապես կասեցվել են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար տարվող աշխատանքները: Լեռան ստորոտից գագաթ հեռավորությունը շուրջ 8 կմ է, որն անգամ ամենագնացով անցնելու համար պահանջվում է 35 րոպե:
Գործընթացը դադարեցվել է, քանի որ տարածքը բնության հուշարձան է, և բացի այդ, տեղում պատմամշակութային արժեք ներկայացնող բերդ-ամրոց է հայտնաբերվել: Լեռան գագաթին շուրջ մեկ ամիս է` հայ-իտալական գործակցության ձևաչափով պեղումներ են իրականացվում:
Կիարա Ձեյկի (Միջերկրածովյան երկրների և արևելքի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի գիտաշխատող) - Շուրջ 10 տարի աշխատում ենք Հայաստանի Հնագիտության և ազգագրության իստիստուտի հետ, հիմա Հատիսի ամրոցում ենք, որտեղ իրականացնում ենք պեղումներ:
Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու պատկերով մետաղադրամ, օբսիդիանից նետեր. հետազոտողները կարծում են, որ դեռ ոչ բոլոր շերտերն են ուսումնասիրված: Արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանը համոզված է՝ ուսումնասիրության ենթակա են նաև լեռան շրջակայքի այլ տարածքներ:
Արթուր Պետրոսյան (ՀՀ ԳԱԱ հնագիտական ինստիտուտի գիտաշխատող) - Այս պահի դրությամբ ունենք տարբեր գտածոներ, որոնք կարելի է թվագրել ուշբրոնզեդարյան շրջանով, հելլենիստական շրջանով, միջնադարով:
Գեղամա լեռնաշղթայում գտնվող հանգած հրաբուխն ունի 2528 մետր բարձրություն, 2008 թ-ից գրանցված է Հայաստանի Բնության հուշարձանների ցուցակում: Լեռը Ակունք համայնքի վարչական տարածքի մաս է. համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը պատմում է, որ լեռնագագաթը դեռ 2008-ից մասնավորի է պատկանում:
Հունան Ռուբենյան (Ակունք համայնքի ղեկավար) - Հատիս լեռան գագաթի հողերը Ակունք համայնքից 2008 թ. օտարվել են մեր համագյուղացի Նորիկ Պետրոսյանին, ինքը ներքևում տարածք ունի` այն ժամանակվա Կոտայք գյուղի տարածքում, օտարման նպատակը ճոպանուղու կառուցումն էր:
Ըստ համայնքի ղեկավարի՝ ծրագիրը ձեռնտու չի եղել. ավելի ուշ Նորիկ Պետրոսյանը, դրական արձագանքելով արձանի տեղադրմանը, որոշել է նվիրել իր հողատարածքը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: Հիմնադրամը հայտնել էր լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման մասին՝ ձեռքի տակ ունենալով լեռան գագաթն ու շուրջ 100 հա տարածք լեռան այլ մասերում, որը գնվել է Ակունք համայնքից՝ Կադաստրի սահմանած արժեքով: Հունան Ռուբենյանը համոզված է՝ ծրագիրը իրականացվելու դեպքում իրենց համայնքի զարգացմանն է նպաստելու: Այժմ Հատիս այցելում են ոչ միայն լեռնագնացներ, այլև պարապլանով ցատկողներ, արշավորդներ. լեռան հսկիչ կետերի աշխատակիցների խոսքով՝ արձանի տեղադրման լուրը նաև օտարերկրացիներին է հետաքրքրել, շատերն արդեն հասցրել են այստեղ գալ:
Հունան Ռուբենյան - Անշարժ գույքի արժեքը տարածաշրջանում հինգ անգամ թանկացել է, նունիսկ բարձր լեռնային գյուղերում՝ Զովաշեն, Հատիս, Կապուտան:
«Լուրերի» նկարահանման ժամանակ գագաթի հարևան բլրին ընդերքի ստուգման աշխատանքներ էին, համայնքապետի խոսքով՝ արձանի տեղադրման համար նախատեսված նոր վայրն է` չնայած Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին՝ տարածքի վերաբերյալ նոր նախագիծ դեռ չեն ստացել:
Հեղինակ՝ Սիմոն Հովհաննիսյան