«Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ընկերությունների սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը, որը մեղադրվում է պետությունից միլիարդավոր դրամներ հափշտակելու համար, մասամբ վերականգնել է վնասը:
Հայաստանում մեքենաների ներկրմամբ զբաղվող Հովհաննիսյանը հանցավոր սխեմայով պետությունից, ըստ մեղադրանքի, հափշտակել է ավելի քան 406 միլիոն դրամ:
Կամո Սահակյան (ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ) - Համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ իր ընկերության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ՀՀ ներմուծելու և ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ` պայմանով, որ հիշյալ ներմուծման արդյունքում դեբետագրվող ԱԱՀ-ի գումարները պետության կողմից վերադարձվելու դեպքում մի մասը մնալու է իրեն, իսկ մի մասը տրվելու է ֆիզիկական անձանց:
2020-23 թվականների ընթացքում լիազորագրերի հիման վրա տարբեր ֆիզիկական անձինք Հայաստան են ներմուծել 8477 տրանսպորտային միջոց, որոնց մի մասը արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ, և դրանց վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերում ներառվել են գործարքի իրական շահառուների և վաճառքի կեղծ տվյալներ:
Կամո Սահակյան - Մասնավորապես վաճառքի գները նշվել են արհեստականորեն ցածր, ինչի արդյունքում ՊԵԿ ներկայացված հաշվետվություններում արձանագրվել է, որ հիշյալ ընկերությունը աշխատում է վնասով, և ցույց է տրվել 5 միլիարդ 699 միլիոն դրամի հարկային վնաս:
Ըստ մեղադրանքի` ձևավորվել է 3.8 միլիարդ ԱԱՀ-ի դեբետային գումար, հափշտակվել է 406 միլիոն դրամը:
Կամո Սահակյան - Պետությանը պատճառվել է շուրջ 3.8 միլիարդ դրամի վնաս, որից 3.4 միլիարդը, քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա, հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է պետական բյուջե, հափշտակված 406 միլիոն դրամից 30 միլիոն դրամը վերականգնվել է քրեական վարույթով ներգրավված անձի կողմից:
Քննությամբ պարզվել է, որ 406 միլիոն դրամից բաժին են ունեցել նաև հանցավոր սխեմայում ներգրավված ֆիզիկական անձինք:
Կամո Սահակյան - Որոնց վերաբերյալ տվյալները վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են, ուստի կոչ ենք անում կամովին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ և պետությանը վերադարձնել հափշտակված գումարների իրենց մասնաբաժինը:
Ավտոներկրողների համար արտոնությունների պահանջով ցույցեր անող Տիգրան Հովհաննիսյանը, որը կալանավորվել էր մարտի սկզբին, ազատ է արձակվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նրա պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց՝ այս փուլում մեկնաբանություն չեն տալիս: Քննչական կոմիտեում քննվում է եւս 54 վարույթ՝ նման եղանակով մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղված բազմաթիվ այլ ընկերությունների վերաբերյալ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան