Մայրաքաղաքում քաղաքացիներին անհանգստացնող բնապահպանական խնդիրները լուծելու համար մինչև տարեվերջ Երևանը կունենա «Կանաչ զարգացում» նոր հարթակ, որտեղ կառանձնացվեն քաղաքի էկոպրոբլեմներն ու դրանց լուծման ծրագրերը:
Նոր հարթակը կյանքի կկոչվի «Տեղական բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության աջակցությամբ: Հայաստանը համաշխարհային այս ձևաչափին միացել է 2011 թվականին: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, ավելի թափանցիկ դարձնել պետություն-քաղաքացի հարաբերությունները:
Նախաձեռնության համակարգող մարմինը միջկառավարական հանձնաժողովն է՝ բաղկացած ութ հիմնադիր պետությունից` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Միացյալ Թագավորություն:
Արմեն Հարությունյան (Երևանի քաղաքապատերանի զարգացման ու ներդրումային ծրագրերի վարչության պետ) - Մենք նախատեսում ենք մեր պաշտոնական կայքում՝ yerevan am -ում, ունենալ հարթակ, որում երևանցին կկարողանա տեսնել Երևանի քաղաքապետարանի կողմից կանաչ միջոցառումները տարբեր ոլորտներում: Այսինքն` կլինեն առանձնացված ոլորտներ` տրանսպորտը, էներեգախնայողությունը, բնապահպանությունը, կլիմայի մեղմումը, և այնտեղ մանրամասն կտեղադրվեն այն ծրագրերը, որոնք Երևան համայնքը պատրաստվում է իրականացնել կամ արդեն իսկ իրականացրել է:
Ծրագրի կարևոր նպատակներից է` կրճատել քաղաքացիների ու համայնքային ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների էներգիայի սպառումը։ Քաղաքապետարանը կունենա նոր հաստիք՝ էներգետիկ մենեջեր, որը կիրականացնի մոտ 320 հասարակական շենքերի Էլեկտրականության և գազի սպառման մոնիտորինգ, կսովորեցնի` ինչպես խնայել ու արդյունավետ օգտագործել էներգիան։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև սահմանել «Կանաչ կնիք» մրցանակաբաշխություն` համայնքին ենթակա կազմակերպությունների էկոծրագրերն ու
առաջարկները գնահատելու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ մայրաքաղաքի բնապահպանական գլխավոր խնդիրները 4-ն են՝ ջրերի, էկոհամակարգի պահպանություն, կանաչապատում, մթնոլորտային օդի աղտոտվածություն, որն էլ իր հերթին երեք պատճառ ունի:
Գորիկ Ավետիսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանութան վարչության պետի տեղակալ) - Հանքերի շահագործումն է, երկրորդը շինարարություններն են, որոնք վերջին տարիներին բավականին ակտիվ տեղի են ունենում Երևան քաղաքում, և երրորդը տրանսպորտն է։
Երևանում այժմ գործում է 21 հանք: Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար քաղաքապետարանը սահամանափակել է հանքերի շահագործման թույլտվությունների տրամադրումը:
Մթնոլորտում առկա մանրահատիկ փոշու քանակը վերահսկվում է Երևանի տարբեր հատվածներում տեղադրված 5 չափիչ սարքի միջոցով: Կախված աղտոտվածության չափից` կատարվում է հետևալ դասակարգումը` լավ, միջին, ոչ առողջ, շատ վատ և վտանգավոր։
Գորիկ Ավետիսյան - Այս գունավորմամբ արդեն երևում է` եթե ոչ առողջ է, խորհուրդ չի տրվում բաց տարածքներում գտնվել,կամ շնչել այդ օդը կամ՝ շնչել հատուկ դիմակների միջոցով և այլն, իսկ լավ և միջին արժեքների դեպքում որևէ խնդիր գոյություն չունի։
Չափման պահին Երևանի օդի գնահատականը լավ էր, վիճակը միջին էր միայն Տիգրան Մեծ փողոցի շրջակայքում, պատճառը գերբեռնված երթևեկությունն էր: Վերջին օրերին օդի աղտոտվածության աստիճանը մայրաքաղաքում նվազել է: Ըստ մասնագետի` դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու քաղաքապետարանի խստացված հսկողությամբ:
Քաղաքացիների համոզմամբ` խնդիրները չեն լուծվի, մինչև չփոխվի հանրության վերաբերմունքը:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան