ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 11-Ի
Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հատել է 10-ը։ 30-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում հայտնված ավելի քան 200 մարդ տարհանվել է: Մի շարք կամուրջներ և ճանապարհներ անցել են ջրի տակ: Դեպքի վայր է մեկնել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա տեղեկացրել է, որ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել:
ՎԱՐՇԱՎԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՍՐՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է տեղեկությունը, որ Լեհաստանը մարտական ուղղաթիռներ է ուղարկում Բելառուսի հետ սահման՝ երկրի օդային սահմանի խախտման դեպքի հետ կապված: Դմիտրի Պեսկովը նշել է, թե Վարշավան ուղղակի սրում է սահմանային լարվածությունը, և դա, նրա խոսքով, նորություն չէ:
Ավելի վաղ Լեհաստանի կառավարությունը հայտարարել էր, որ բելառուսական ռազմական ուղղաթիռները հատել են երկրի օդային սահմանը: Վարշավան, հաշվի առնելով միջադեպը, ինչպես նաև Բելառուսում Վագներ մասնավոր ռազմական ընկերության մարտիկների առկայությունը, որոշել է ուժեղացնել սահմանը: Մինսկը հերքել է Լեհաստանի օդային տարածք ներխուժելու հետ կապված մեղադրանքները:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՄՆ ՀԵՏ
Պետքարտուղարությունը հաստատել է, որ Վաշինգտոնն ու Կիևը սկսել են Ուկրաինային անվտանգության երկարաժամկետ երաշխիքների տրամադրման հարցով քննարկումները։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ ամերիկյան կողմից բանակցություններին ներգրավված են Պետքարտուղարության, պաշտպանության նախարարության և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Օրակարգում են Ուկրաինայի պաշտպանական ներուժի զարգացումը, արդյունաբերական ոլորտի արդյունավետության և թափանցիկության ապահովումը, եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Կիևին աջակցությունը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մտահոգություն էր հայտնել, որ Արևմուտքը հրաժարվում է խոսել Ռուսաստանին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ: Նա հավելել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառներից մեկը հենց այն է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը:
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կալանավորվի: Որոշումը կայացրել է Վաշինգտոնի դատարանը: Նա մեղադրվում է 2020 թվականի նախագահի ընտրություններին միջամտելու և Կապիտոլիումի վրա հարձակում հրահրելու համար։ Միաժամանակ դատարանը որոշել է, որ անհրաժեշտության դեպքում Թրամփը պետք է ներկայանա դատարան: Գործը այժմ դատաքննության փուլում է: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 28-ին։
ԱՄՆ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական հետապնդում. նպատակը, Թրամփի խոսքով, 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մասնակցությունը խոչընդոտելն է:
ԻՊ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ
«Իսլամական պետությունը» հաստատել է ահաբեկչական կազմակերպության առաջնորդի մահվան մասին տեղեկությունը։
Al Arabiya հեռուստաալիքի տվյալով՝ այսպես կոչված չորրորդ խալիֆ Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրաշին սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ բախումների ժամանակ: Մահվան հստակ ամսաթիվը չի նշվում։ «Իսլամական պետություն» խմբավորման նոր առաջնորդն է դարձել Աբի Հաֆսան ալ Հաշիմի ալ Քուրաշին։
Հիշեցնենք՝ Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրաշիի մահվան մասին դեռ ապրիլի 30-ին հայտարարել էր Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը տեղեկցրել էր, որ թուրքական հետախուզությունը ոչնչացրել է «Իսլամական պետության» առաջնորդին Սիրիայում գործողության ընթացքում։