Հանգստի այս սեզոնին տուրիստական ընկերության հետ քաշքշուկի մեջ են հայտնվել վճարած, բայց հանգստի չմեկնած քաղաքացիները: «Էնջելս տուրի» տնօրենը խոստացել է վերադարձնել գումարը, սակայն գործով արդեն զբաղվում են իրավապահները. քրեական վարույթներ են հարուցել խարդախության հատկանիշներով:
Վճարել են կամ կանխավճար տվել, բայց այդպես էլ հանգստի չեն մեկնել: 4 տասնյակից ավելի քաղաքացի Angels Travel տուիստական գործակալությունից տարբեր ուղղություններով հանգստի մեկնելու համար փաթեթներ է գնել:
Տուժող - Ինքն ասում էր, որ բուքերը դրել ա, ամեն ինչ նորմալ ա և այլն, բայց փաստը մնում ա փաստ, որ ո՛չ տոմս ունենք, նույնիսկ հետաքրքրվել ենք հյուրանոցից, կապվել ենք անմիջապես հյուրանոցի հետ, ու հյուրանոցում էլ ասել են, որ մեր անուններով բուքեր չկան արված:
Տուժողներից Հասմիկ Պետրոսյանը պատմում է, որ դիմել է Angels Travel-ին 4 հոգու համար 10-ն օրվա հանգստի համար վճարել է 700.000 դրամ, բայց հուլիսի 13-ին թռիչքը չի կայացել:
Հասմիկ Պետրոսյան (տուժող) - Ժամը 2-ին ինքը զանգում ա ինձի, հանկարծ աերոպորտ չգնաք, խնդիրներ է առաջացել, ու դուք պատկերացրեք մեր 4-ի վիճակը: Ասում եմ՝ այսինքն՝ Անժելա, ասում ա՝ հա-հա, խնդիրներ են առաջացել, ես 15-ին կթռցնեմ Ձեզ: 15-ին թռիչք չկա, տղես անմիջապես նայեց: Ասում եմ՝ Անժելա, 15-ին թռիչք չկա, չէ-չէ, 16-ին հաստատ Դուք թռնող եք, խնդիրներ են առաջացել, այդ հարցերը ես կլուծեմ:
Ընտանիքն այդպես էլ չի մեկնել հանգստի, իսկ Angels Travel-ի տնօրեն Անժելա Միքայելյանը պնդում է՝ խնդիրը տեխնիկական է եղել:
Անժելա Միքայելյան (Angels Travel տուրիստական գործակալության տնօրեն) - «Անրիվա» կազմակերպության հետ է խնդիր առաջացել, այդ իսկ պատճառով, մենք փոխհաշվարկային անհամաձայնություն ունեինք, և տեխնիկական խնդիրների ի հայտ գալով՝ չհասցրինք, որպեսզի կարողանայինք թռիչքներն իրականացնել, ու երեկոյան ժամին բոլոր ամրագրումները չեղարկվել են, ու հաջորդ օրվա թռիչքները մերժվել են:
«Անրիվայից» «Լուրեր»-ին հայտնեցին, որ Angels Travel-ի հետ այլևս չեն աշխատում, քանի որ խախտել է պայմանագրի կետերը: Անժելա Մելքոնյանի պնդմամբ՝ ֆինանսական հաշվարկներում թյուրիմացություն է եղել, բայց վերահաշվարկով հարցը լուծվել է, մինչդեռ «Անրիվայից» էլ հակադարձում են՝ չի եղել այնպիսի ուղևոր, որի համար Միքայելյանի կազմակերպությունը վճարած լինի ու իրենք ուղևորությունը չեղարկեն: Այս պատմության կիզակետում հայտնված քաղաքացիներն էլ մեկը մյուսի հետևից իրենց գումարն են պահանջում:
Տուժող - չնայած նրան, որ ասում է, որ կփոխհատուցի, չի փոխհատուցում, ժամանակն եկել է փոխհատուցելու, ինքը ոչ մի ձևով կապ էլ չի հաստատում մեզ հետ: Այսինքն՝ եթե կապ էլ հաստատում է, ասում է՝ ես ասել եմ, կանեմ, բայց չգիտենք, մեր հանգստի ժամանակն արդեն լրացել է՝ երբ ինքը կհատուցի, ոնց է պատրաստվում տալ:
Անժելա Միքայելյանը պնդում է՝ բոլորի գումարը վերադարձնելու է: Բայց թե երբ՝ դեռ պարզ չէ: Տուժողներից ոմանք արդեն դիմել են ոստիկանություն: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Angels Travel կազմակերպության գործունեության առնչությամբ ստացել են 5 հաղորդում։ Նախաձեռնվել է 5 քրեական վարույթ՝ խարդախության հատկանիշներով։
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան