Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերագրվող և արգելանքի տակ գտնվող 2 անշարժ գույք, ըստ դատախազության, արհեստական դատական վեճի արդյունքում դատարանի վճռով օտարվել է 3-րդ անձի: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստի ընթացքում դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց՝ դատախազությունը, լինելով շահագրգիռ կողմ, այդ գործին մասնակից չի դարձվել, նշեց՝ պատրաստվում են այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել:
Գևորգ Քոչարյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - էդ բողոքը վարույթ ընդունելու դեպքում պետք է միջնորդություն ներկայացնեմ նաև սույն դատարանի վարույթը կասեցնելու` մինչև վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի, քանի որ գտնում ենք` այդ գործի ելքից է կախված մեր դիրքորոշումն այս գործով։
Խոսքը Նալբանդյան 98 շենքի, 25/1 և 29 շինության տարածքների մասին է: Դրանք թեև Սեյրան Օհանյանի քենու դստեր՝ Աննա Բադալյանի անունով են եղել, բայց, ըստ դատախազի, փաստացի պատկանել են նախկին պաշտպանության նախարարին: 2021 թվականին այս տարածքների նոր սեփականատեր Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնք էլ, ըստ դատախազի, արհեստական դատական վեճի համար հիմք են դարձել:
Քոչարյանը միջնորդեց նիստը հետաձգել` մինչև հայտնի կլինի` բողոքը վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Կարինե Մարգարյանի ներկայացուցիչ Անահիտ Բեգլարյանը պնդեց՝ իր վստահորդը բարեխիղճ ձեռքբերող է:
Անահիտ Բեգլարյան (Կարինե Մարգարյանի ներկայացուցիչ) - Հայցվոր կողմը, չեմ կարող ասել՝ ինչ պատճառներով, փորձում է ձգձգել այս վարույթը։
Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը համակարծիք էր Անահիտ Բեգլարյանի դիրքորոշման հետ, նշեց՝ պետք է անցնել ապացուցման բեռի բաշխման փուլին։
Դատախազ Գևորգ Քոչարյանը, սակայն, պնդեց՝ տեղի է ունեցել դատարանի կողմից կիրառված հայցի նախնական ապահովման միջոցները շրջանցելու փորձ:
Գևորգ Քոչարյան - Դատախազության համար անընդունելի է, որ արգելանքի տակ գտնվող գույքերը ինչ-ինչ մանիպուլյացիաների միջոցով հնարավոր լինի անվանափոխել այլ անձանց անունով:
Անկախ նրանից` գնորդը բարեխղիճ է եղել, թե ոչ, առնվազն վաճառողը, ըստ հայցվորի, չէր կարող չիմանալ արգելանքի մասին: Դատարանը բավարարեց միջնորդությունը, և նիստը մեկ ամսով հետաձգվեց: Վեճի առարկա Նալբանդյան 98 շենքի 2 գույքի արժեքը 1.3 միլիոն դոլար է: Բացի այդ, դատախազությունը Օհանյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է Վահագնի թաղամասի առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ մոտ 1 մլրդ դրամ: Բացի այդ, դատախազությունը պահանջում է որպես ապօրինի դրամական միջոց բռնագանձել ավելի քան 477 միլիոն, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան