Արդեն տասներորդ օրն է, ինչ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք գրեթե 400 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Մինչև հայկական կողմը սպասում է արձագանքի, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ տանելու համար, Կոռնիձորի սահմանային հատված են այցելել Հայաստանում գործունեություն ծավալող շուրջ 15 մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց ուղեկցել ու իրավիճակը տեղում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Աննա Ժամակոչյան (ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ընդամենը տասնյակ կիլոմետրեր այն կողմ գտնվում է էս ամենի հրատապ կարիքը ունեցող բնակչությունը, ցավոք, էս պահին հասանելիություն չկա:
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահը նշել է` իրենց ցանցում ընդգրկված 50 կազմակերպության անունից եկել են Կոռնիձորի սահմանային հատված` բողոքի ձայն բարձրացնելու արցախցի երեխաների համար, հիշեցնելու նրանց կյանքի իրավունքի, անվտանգ և երջանիկ մանկություն ունենալու անհրաժեշտությունը:
Քնարիկ Գարանֆիլյան (Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ) - Խիստ մտահոգված ենք այս իրավիճակով սա համարում ենք ցեղասպանության ակտ, և մեր մտահոգության առարկան են 30000 երեխաները, որոնք այսօր զրկված են տարրական սննդից, ոտնահարված են երեխաների բոլոր իրավունքները, և մեր ակնկալիքն է, որ այս հարցը շուտափույթ լուծում ստանա միջազգային կազմակերպությունների կողմից ու շուտափույթ կերպով ձեռնարկվեն քայլեր միջանցքը բացելու համար:
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենը, դիմելով միջազգային կառույցներին, նաև Ադրբեջանի սոցիալական աշխատողներին, կոչ արեց քայլեր ձեռնարկել այս աղետալի վիճակին վերջ դնելու համար: Ընդգծել է՝ չի կարելի 21 րդ դարում աշխարհի առջև 30 հազար երեխայի սովի մատնել:
Միրա Անտոնյան (ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մեր մասնագիտությունը կարիքը և բարիքը իրար միացնելու մասին է, կարիքն այնտեղ է` մի քանի կմ այն կողմ, բարիքն այս կողմն է, և թվում է` ոչինչ պետք է չխանգարի բարիքը կարիքին հասցնողներին, բայց մեծ հաշիվների մեջ, մեծ խաղերի մեջ այդ նույն 30 հազար երեխան էս ամեն ինչին կարոտ է, մինչդեռ աշխարհը լիքն է բարիքով, և հանգիստ կարելի էր այդ բարիքը հասցնել այդ երեխաներին: Ես SOS եմ հնչեցնում իմ կոլեգաներին` եկեք, ի մի բերենք մեր ջանքերը, չի կարող այս անտրամաբանական, անմարդկային վիճակը տեղ ունենալ աշխարհի որևէ անկյունում:
Հասարակական կազմակերպությունների ղեկավարները, տեղում իրավիճակը գնահատելով, կրկին կոչով դիմել են միջազգային կառույցների իրենց գործընկերներին, հորդորել հստակ քայլերի դիմել:
Էմանուելա Մասկովա («Մարդը կարիքի մեջ» ՀԿ հումանիտար հարցերով խորհրդատու) - Ինչպես հավաստիացել ենք, Լեռնային Ղարաբաղում ապրող բազմաթիվ քաղաացիներ ծայրահեղ կարիքի մեջ են հայտնվել շրջափակման հետևանքով: Իրավիճակը շատ արագ կարող է վիրածվել հումանիտար աղետի: Մարդիկ կարող են սովամահ լինել, և այդ իրավիճակը պետք է դադարեցվի անմիջապես և վերականգնվի ազատ տեղաշարժը:
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների իրավունքների հիմնադրամի տնօրենի խոսքով՝ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության` հումանիտար իրավիճակի վերաբերյալ հայտարարությունից հետո աշխարհը պետք է սթափվեր, բայց միայն մտահոգություններ հնչեցին:
Ռաֆֆի Դուդակլյան («Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների իրավունքների հիմնադրամի տնօրեն) - Այս հարցը բարձրացնելու եմ ավելի քան 100 մեր գրասենյակներում, աշխարհի տարբեր երկրներում, ու այս հարցը պետք է շատ լուրջ ուշադրության արժանանա, ու մենք, որպես կազմակերպություններ, իրավունք չունենք անտեսելու այս խնդիրը` աղետը կանխելու համար:
Բենիկ Ղահրամանյան («Հայկական Կարիտաս» Սյունիքի գրասենյակի ղեկավար) - Մեր կազմակերպությունը կոչ է անում բոլոր միջազգային կազմակերպություններին` միջոցներ ձեռնարկեն աղետը կանգնեցնելու համար, սա ցեղասպանության նման բան է:
Կարո Գևորգյան (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչ) -Ես ուզում եմ սթափության կոչ անել ամբողջ աշխարհին. եթե մեզ համար երեխան արժեք է, ուրեմն` համընդհանուր պետք է լինի, երեխան որտեղ էլ լինի` իր իրավունքները իր պայուսակի մեջ են, որոնք մենք չենք տեսնում, բայց գիտենք, լսել ենք ու պաշտպանում ենք, խոսքը բոլոր երեխաների մասին է:
Կոռնիձորի սահմանային հատված այս տասն օրերի ընթացքում այցելել են նաև տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, տեղում համոզվել, որ բեռնատարներում միայն առաջին անհրաժեշտության սնունդ և դեղորայք է, որը ոչ մի կերպ հնարավոր չի լինում հասցնել ԼՂ-ի բնակիչներին: