ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱՑՆԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ. ACT ALLIANCE
«Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, և որի փակումն ահագնացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է միջազգային միջեկեղեցական մարդասիրական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Դաշինքը շեշտել է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում շրջափակումը լրջորեն ազդել է տարածաշրջանի, հատկապես առավել խոցելի խավերի կյանքի վրա: Դաշինքը հիշեցրել է, որ Փետրվարի 25-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
«ACT Alliance-ն անհանգստացած է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների և մարդասիրական սկզբունքների խախտմամբ և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերջ տալ մարդկային տառապանքներին՝ հատկապես ուշադրություն դարձնելով առավել խոցելի խավերին: Մարդասիրական օգնության արգելափակումը չպետք է օգտագործվի որպես հակամարտության կամ այլ վեճերի լուծման ռազմավարություն։ ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրել խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորել մարդասիրական անխոչընդոտ մուտքը՝ միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրությանը համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դաշինքը նաև կոչ է արել միջազգային հանրությանը շտապ աշխատանք տանել շրջափակումը դադարեցնելու և տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ:
ԿԻԵՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՍԵՎ ԾՈՎՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ. ԴԱՆԻԼՈՎ
Կիևը մտադիր է շարունակել Սև ծովով իր հացահատիկի առաքումները՝ չնայած ՝ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում, հացահատիկով նավերը կտեղափոխենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ ենք համարում, ոչ մեկից թույլտվություն չենք խնդրելու»,- ասել է Դանիլովն ուկրաինական ռադիոյի եթերում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Մոսկվան չի հավատում իր հացահատիկի արտահանմանն աջակցելու՝ ԱՄՆ-ի հայտարարություններին, եթե Ռուսաստանը վերադառնա հացահատիկի գործարքին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ եթե Մոսկվան վերադառնա հացահատիկի գործարքին, Վաշինգտոնը կշարունակի խթանել սննդամթերքի արտահանումը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի հաստատած սահմանափակումները չեն վերաբերում սննդին։
ԻՏԱԼԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՈՒՂԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Իտալիայի դուրս գալը «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունից կվնասի Հռոմի և Պեկինի հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն: Իտալիան հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» գլոբալ նախաձեռնությունից, որին միանալու մասին հուշագիրը ստորագրվել է 2019 թվականին։ Ըստ Պեկինի՝ Իտալիայի նման ձգտումը տարաձայնություններ կստեղծի երկու երկրի միջև: «Որոշ ուժեր չարամտորեն աղմուկ են բարձրացրել և քաղաքականացրել Չինաստանի ու Իտալիայի միջև մշակութային և առևտրային փոխանակումը «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում, որպեսզի խափանեն համագործակցությունն ու տարաձայնություններ սերմանեն»,- հայտարարել Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Չինաստանի ԱԳՆ տվյալներով՝ չինական գլոբալ նախաձեռնությունը գրեթե 1 տրիլիոն դոլար ներդրում է ներգրավել ամբողջ աշխարհից՝ ստեղծելով ավելի քան 3 հազար նախագիծ և 420 հազար աշխատատեղ և ունի բացառապես առևտրային բնույթ։