Այսօր և վաղը Սաուդյան Արաբիայում նախատեսված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցություններ: Ջիդա կժամանեն մոտ 40 պետության պատվիրակներ: Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից բացի հրավերներ են ստացել Չինաստանը, Հնդկաստանը, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի պետությունները։ Ուկրաինան ևս պատվիրակություն է ուղարկել, փոխարենը Ռուսաստանը չի հրավիրվել, սակայն Մոսկվայից հայտարարել են, որ հետևելու են բանակցություններին, «որոնց նպատակը իրենց համար դեռ հստակ չէ»:
ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱՑՆԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ. ACT ALLIANCE
«Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, և որի փակումն ահագնացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է միջազգային միջեկեղեցական մարդասիրական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Դաշինքը շեշտել է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում շրջափակումը լրջորեն ազդել է տարածաշրջանի, հատկապես առավել խոցելի խավերի կյանքի վրա: Դաշինքը հիշեցրել է, որ Փետրվարի 25-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
«ACT Alliance-ն անհանգստացած է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների և մարդասիրական սկզբունքների խախտմամբ և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերջ տալ մարդկային տառապանքներին՝ հատկապես ուշադրություն դարձնելով առավել խոցելի խավերին: Մարդասիրական օգնության արգելափակումը չպետք է օգտագործվի որպես հակամարտության կամ այլ վեճերի լուծման ռազմավարություն։ ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրել խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորել մարդասիրական անխոչընդոտ մուտքը՝ միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրությանը համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դաշինքը նաև կոչ է արել միջազգային հանրությանը շտապ աշխատանք տանել շրջափակումը դադարեցնելու և տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 12-ի: Դեռևս անհետ կորած է 25 մարդ։ Վրաստանի առողջապահության նախարար Զուրա Ազարաշվիլին, հայտնել է, որ որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 5-ի առավոտյան:
Նրա խոսքով՝ զուգահեռաբար կշարունակվեն կամուրջների և լրացուցիչ ճանապարհների կառուցման աշխատանքները, որոնք կօգնեն սողանքի էպիկենտրոնի գոտի հասցնել հատուկ տեխնիկա և կենդանի ուժ: Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԿԻԵՎԸ ԶՈՀԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Մոսկվան և Կիևը զոհերի մարմինների փոխանակում են իրականացրել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր և Ուկրաինայում ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսայիլ Սարալիևը: Նրա խոսքով ռուսական կողմը փոխանցել է 44 մարմին, ուկրաինական կողմը՝ 160։ Ուկրաինական կողմն ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, հայտնել էր, որ ստացել է մարտական գործողությունների գոտում 44 զոհվածների մարմիններ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը։ Վերջին անգամ Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինվորականների մարմինների փոխանակման մասին հայտնել էին հուլիսի 14-ին: Այն ժամանակ, կողմերի պնդմամբ, Ռուսաստան է վերադարձվել 162 մարմին, Ուկրաինա՝ 62։
ՆԻԳԵՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՎԵԼ
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության խաղաղության և անվտանգության հարցերով հանձնակատար Աբդել Ֆաթաու Մուսահը հայտարարել է, որ միավորման պետությունների պաշտպանության նախարարները Նիգերում հնարավոր ռազմական միջամտության ծրագիր են մշակել, եթե ապստամբները չնահանջեն՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Մուսահի խոսքով՝ Նիգերում իշխանությունը զավթած զինվորականներին հարված հասցնելու մասին որոշումը կկայացնեն միավորման պետությունների ղեկավարները։
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ աֆրիկյան հանրակցության ռազմական ղեկավարությունը հրաժարվել է ուժ կիրառել Նիգերի նկատմամբ՝ համարելով, որ դա կնշանակի ռազմական միջամտություն։ Հեռուստաալիքի տվյալով՝ աֆրիկյան պետությունները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել երկրի նկատմամբ՝ ստիպելու ապստամբներին ազատ արձակել նախագահ Մոհամեդ Բազումին:
ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ 3 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
Իսլամաբադի դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ պետական գանձարանի արժեքավոր իրերի վաճառքի հետ կապված խարդախության գործով։ 2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Իմրան Խանին զրկել էր խորհրդարանական մանդատից: Հանձնաժողովը նրան մեղավոր էր ճանաչել երկրի պետական գանձարանում պահվող 52 արժեքներավոր իրերի վաճառքի և անձամբ իր ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար:
2023 թվականի մայիսին Պակիստանի դատարանը վերականգնել էր օտարերկրյա պետությունների ղեկավարներից նվերների վաճառքի գործով նախկին վարչապետի ձերբակալման օրդերը։ Նա մի քանի անգամ կալանավորվել և ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թթ․։