ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման հիմնադրամը հրապարակել է մրցակցային արդյունաբերական արդյունավետության ինդեքսը, Հայաստանը դիրքերը բարելավել է 23 կետով: Տարածաշրջանում մենք առաջ ենք Վրաստանից և Ադրբեջանից: Տնտեսագետներն արձանագրում են բարելավում, բայց նշում՝ դեռ զարգանալու տեղ կա:
Ապրանքներ արտադրելու և արտահանելու կարողություններով Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը վերջին տասնամյակում: ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման հիմնադրամը հրապարակել է մրցակցային արդյունաբերական արդյունավետության ինդեքսը, որը գնահատում է 153 երկրի` արտադրելու և արտահանելու կարողությունները, դրանց տեխնոլոգիական առաջընթացը և արտադրական գործունեության վրա գլոբալ ազդեցությունը: 2023 թվականի ինդեքսը կազմվել է 2021-ի տվյալների հիման վրա: Հայաստանը զգալիորեն բարելավել է վարկանիշը. 2012 թվականի 116-րդ հորիզոնականից ներկայիս վարկանիշում հայտնվել է 93-րդ հորիզոնականում, ինչն ամենամեծ թռիչքն է ցուցակում: Ինդեքսն արդյունաբերությանը և արտահանմանն առնչվող 8 ենթացուցիչների միջինն է:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - «Միանգամից 23 կետով առաջընթաց ենք արձանագրել: Սա, բնականաբար, առաջին հերթին մեր ձեռներեցների, հատկապես երիտասարդ սերնդի, նոր ձևավորվող հզոր ներուժն է, որը գալիս է փոխարինելու նախկինում գոյություն ունեցող օլիգարխիկ երևույթներին, և նոր, թարմ ուժ բերելով՝ մենք առաջընթաց ենք ապրում տարածաշրջանային երկրների նկատմամբ, որը ամենակարևորն է, և եթե այս վերջին տվյալները հաշվի առնեն, կարծում եմ՝ ևս մի քանի կետով մենք առաջընթաց ապրելու ենք:
Ինդեքսը ոչ միայն գնահատում է երկրների ներկայիս արդյունաբերական ցուցանիշները, այլ նաև պատկերացումներ է տալիս նրանց երկարաժամկետ զարգացումների և բարելավումների վերաբերյալ: Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ բարելավում կա, սակայն դեռևս այնչափ չէ, որ գոհացուցիչ լինի:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Եթե ամենատարբեր ինդեքսների մասով դու ունես նույն պատկերը, այո, դա հնարավորություն է տալիս սևեռել ուշադրությունը երկրի վրա, արձանագրել, որ այս երկիրն ունի հաջողություններ, կարող է, ասենք, միջազգային կառույցների կամ խոշոր ներդրողների, անհատների համար երկրի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծանա, ու նաև ինչ-որ առումով հետազոտական հետաքրքրություն ունի... Բայց էլի պետք չէ այս ցուցանիշներով համարել, որ մենք մեր առաքելությունն իրագործել ենք, և էստեղ կարելի է ոչինչ չանել:
Հարևան երկրներից Վրաստանը 95-րդն է, Ադրբեջանը՝ 106-ը, Թուրքիան 27-րդը, իսկ Իրանը՝ 57-րդը:
Արմեն Քթոյան - Ոչ հանքագործական, ասենք՝ մշակող արդյունաբերության մասով հայաստանյան ցուցանիշներն ավելի նպաստավոր են, քան Ադրբեջանի, բայց իր տնտեսական պոտենցիալի հիմքում նավթային հատվածն է, որ այս հաշվարկներում ներգրավված չէ:
Արմեն Քթոյանը համեմատում է Հայաստանն ու Վրաստանը, որից երկու հորիզոնականով առաջ են, նշում է՝ արդյունաբերության առումով էլ ավելի նպաստավոր դիրքում ենք:
Արմեն Քթոյան - Վրաստանն իր աշխարհագրական դիրքով, իր տնտեսության առանձնահատկություններով ի սկզբանե նույն մշակող արդյունաբերության մասով մեզ հետ մրցակից չի եղել, իր տնտեսական զարգացման մոդելն այլ տրամաբանություն ունի և Վրաստանն օգտվում է, ասենք, այդ տարածաշրջանային խաչմերուկի իր առավելություններից՝ զբոսաշրջության հատվածը, կոմունիկացիաների գործարկումից եկամուտներ ստանալու հնարավորությունը:
Հաշվի առնելով 2021-ից հետո Հայաստանի տնտեսությունում արձանագրված բարձր աճի տեմպերը՝ Սերգեյ Բագրատյանը վստահ է՝ առաջիկա տարիներին մեր դիրքն ավելի կբարելավվի:
Սերգեյ Բագրատյան - Բնականաբար, մենք կուզենանք առաջին 50-ի մեջ լինել, և դինամիկան, եթե շարունակվի, մենք ընդհուպ կմոտենանք այդ թվին, սա պետք է լինի մեր համար ուղենիշային:
Ինդեքսի առաջատարը 2001 թվականից անփոփոխ է՝ Գերմանիան է՝ որպես աշխարհի ամենամրցունակ արտադրական ոլորտ ունեցող երկիր: Երկրորդը Չինաստանն է, հաջորդում են՝ Իռլանդիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան