Հայաստանյան լրատվական կայքերի դեմ օրեր առաջ իրականացված հարձակման հեղինակները ներկայացել են որպես թուրքական հաքերային խմբավորում: Հարձակման արդյունքում նրանք վերահասցեավորել էին կայքերը, և մուտք գործելիս անձը հայտնվում էր թուրք հաքերների ստեղծած ռեսուրսում:
Արթուր Պապյան (CyberHUB-ի համահիմնադիր) - Մի տեղ ուղղակի Թուրքիա, Մուսթաֆա Աթաթուրք, այ էսպիսի սիմոլիկա էր, մեկ այլ տեղում տեսնում էինք որ ադրբեջանական դրոշ էլ էր հայտնվել, դրա համար շատ հստակ ասել` սա միայն թուրքերն են, թե թուրք-ադրբեջանական ինչ-որ կոորդինացված գրոհ է, դժվար է:
Մեդիափորձագետի խոսքով՝ նմանատիպ հարձակումները որոշակի գործոններով են պայմանավորված.
Արթուր Պապյան - Իրականում թուրքերը Հայաստանի դեմ հարձակումներում էդքան էլ ակտիվ չեն, սովորաբար իրենք ակտիվանում են, երբ հայ-ադրբեջանական ինչ-որ կոնտեքստներ են լինում, հայերի դեմ թուրքերը ավանդաբար ակտիվանում էին նախկինում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, և երբ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում ինչ-որ բանաձևեր էին ներմուծվում, մտցվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, 2020թ.-ին, օրինակ, հուլիսին և նաև 44-օրյա պատերազմի օրերին թուրքերը ակնհայտ ցուցադրում էին իրենց աջակցությունը ադրբեջանցիներին և հատկապես բանկային սեկտորի դեմ հայաստանյան որոշակի ակտիվություն էին ցուցաբերում:
Պապյանի խոսքով՝ հաքերային հարձակումները ամբողջությամբ կանխարգելել հնարավոր չէ, քանի որ պաշտպանությունը ուժեղացնելու ուղղությամբ ինչ-որ քայլ անելուց հետո հաքերները կայքերը կոտրելու հերթական ձևերն են մտածում:
Արթուր Պապյան - Մեդիաների դեպքում, իհարկե, կարող է օգնել այն, որ մեդիաները ունենան որակյալ մասնագետներ, ում հետ աշխատեն, պարբերաբար անցնեն անվտանգության աուդիտներ, իրենց համակարգերը ամրապնդեն, ունենան աշխատակիցների համար անվտանգության քաղաքականություն, որտեղ աշխատակիցները հստակ իմանան՝ իրենցից ինչ է ակնկալվում, ինչ տիպի գաղտնաբառեր պահեք, ինչպես ամրապնդեք ձեր օգտահաշիվները:
Արթուր Պապյանը նշում է՝ աշխարհի բոլոր երկրներում ինչպես պետական հաքերային խմբավորումների, այնպես էլ սովորական հանցագործ հաքերների ակտիվություն կա: Հայաստանում, օրինակ, վերջերս ակտիվացել են տարբեր սոցիալական ցանցերով քարտի տվյալներ ստանալու, գումար կորզելու դեպքերը: Դրանցից հնարավորինս զերծ մնալու համար պետք է միացնել երկգործոն անվտանգություն, չբացել կասկածելի հղումներ, չտրամադրել անձնական տվյալներ:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան