«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Բացման հանդիսավոր արարողությանը լուսաձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրիին ու գյումրեցի անվանի մարզիկներին: Այնուհետև տեղի է ունեցել Խաղերի մասնակից 41 երկրների 181 քաղաքների ատվիրակների քայլերթը:
Հատկանշական է՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերին առաջին անգամ հյուրընկալել են նաև Չիլլի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի մեր հայրենակիցներին:
Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառել է Եվրոպայի վեցակի, Աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս տոնը ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, քանի որ ի ցույց է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ հաղթահարելու, ապրելու, զարգանալու և առաջ գնալու կամքը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների:
«Այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, քանի որ մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պետք է մնա անսասան: Ողջունում եմ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստան և Գյումրի ժամանած մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են մեր հայրենիքում»,- ասել է նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է՝ Խաղերի կառավարական կազմկոմիտեն այս ընթացքում որևէ ջանք չի խնայել, որպեսզի Համահայկական խաղերը լինեն լավագույնը պատմության ընթացքում.
«Կարծում եմ՝ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը կարողացել ենք պահել, պահելու ենք և օոստոսի 19-ին ազդարարելու ենք, որ մեր հայրենակիցները հաճույք ստացան Համահայկական խաղերից, սիրեցին Հայաստանը և հանձն առան վերադառնալ հայրենիք»:
Ի դեպ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ՝ Խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն՝ պատվո նշան շքանշանով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզական խաղերի մեկնարկի առթիվ.
«Համահայկական մարզական խաղերի մեկնարկը կայացած է, այն հիանալի է, իսկ մասնակիցների թիվն էլ հետզհետե ավելանում է: Շնորհավորում եմ բոլորիս համայն հայության այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սա, հիրավի, հրաշալի մարզական տոն է»:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է՝ Համահայկական խաղերն այս 25 տարիների ընթացքում դարձել են միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ՝այսօրվա և գալիք սերունդների համար։
«Համահայկական խաղերը մեծ մարզական տոնի միջոցով հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափար է։ Վստահ եմ՝ ցանկացած բանական մարդ սա լրիվ հասկանում է։ Հայաստան –Սփյուռք կապերի ապագան մեր միասնությունն է։ Այն պետք է դառնա մեր և գալիք սերնդի ուխտը։ ԵՎ ուրեմն, «Միասնություն Սպորտով»՝ համահայկական խաղերի կարգախոսը թող մշտապես ուղեկցի բոլորիս, մտնի յուրաքանչյուրիս ընտանիք ու դառնա ազգային կտակ»:
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: