Սյունիքի մարզի Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի ոռոգման խնդիրը լուծելու համար գյուղերի միջև ջրամբար կկառուցվի:
Գարեգին Փարսյան (Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ) - Ամբարտակն է, ջրահավաք տեղն է: Մտածում ենք մոտավորապես շուրջ 400-500 խմ: Այդ ջուրը մղվում է Կուրաթի գետից, որպեսզի անընդհատ մենք պահուստային ջուր ունենանք:
Գորիսի համայնքապետարանը ջրամբարը կառուցում է մասնավորի հետ գործակցությամբ: Աշխատանքը նախագծանախահաշվային փուլում է:
Իրինա Յոլյան (Գորիսի համայնքապետի տեղակալ) - Երբ որ արդեն մենք կունենանք վերջնական փաստաթղթերը, արդեն շինարարության մրցույթը կհայտարարվի: Այս ժամկետների շրջանակներում կփորձենք էլի մինչև տարեվերջ հնարավորության սահմաններում արագ կազմակերպել, որ հաջորդ տարի արդեն ջրամբարը կառուցված լինի:
Երկու գյուղը ոռոգող ջրագծերը վերջերս են ամբողջովին թարմացվել: Պատասխանատուների խոսքով՝ միակ խնդիրը գետից դուրս եկող հավելյալ ջրի կորուստն է, որն էլ ջրամբարի միջոցով կպահպանվի ու կծառայի նաև այլ նպատակների:
Գարեգին Փարսյան - Հնդկաձավարային կուլտուրաների մշակման գործարան ենք կառուցել Վերին Խնձորեսկում, այդ գործարանում էլ կմշակվի: Այսինքն՝ գյուղատնտեսությունն այդ ոռոգումից հետո խիստ կզարգանա:
Ոռոգման ջրի խնդիրը լուծելուն զուգահեռ` Գորիս համայնքի տարբեր բնակավայրերում ակտիվորեն նաև անտառտնկման աշխատանք է իրականացվում: Համայնքի միջոցներով արդեն 130 հա տարածքում նոր ծառեր են տնկվել, որից 94 հեկտարը՝ Խնձորեսկում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան