Հատկապես ամռան ամիսներին քաղաքացիները ավելի հաճախ են դիմում տարբեր տուրիստական ընկերություններին՝ շենգենյան երկրներ մեկնելու համար վիզա ստանալու գործընթացը կազմակերպելու նպատակով: Համապատասխան փաստաթղթերը տուրիստական ընկերությանը տրամադրելուց հետո անձը սպասում է իր հերթին՝ մուտք գործելու որևէ երկրի վիզաների կենտրոն կամ դեսպանատուն: Արդյոք բոլո՞ր տուրիստականներն են վստահելի: Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ ավարտվել է կեղծ փաստաթղթերի միջոցով մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Դավիթ Փարվանյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Ունենալով շուրջ 20 տարի գործող տուրիստական ընկերություն, բԵրևան քաղաքի 63-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով ինչպես ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում բնակվող 63-ամյա տղամարդու հետ, այնպես էլ Չեռնոգորիայի Հանրապետությունում՝ կոնկրետ Մոնտենեգրո քաղաքում բնակվող մեկ այլ ՀՀ քաղաքացու հետ, կազմակերպել է մի շարք անձանց անօրինական միգրացիան, այսինքն՝ ՀՀ-ից ելքը և այլ երկրներ շենգենյան համաձայնության երկրներ մուտքը:
Փորձել են կազմակերպել մի դեպքում Սիրիայի քաղաքացի հանդիսացող հայազգի կնոջ մուտքը Ֆրանսիա, ումից պահանջել են 6500 եվրո, մյուս դեպքում՝ Հայաստանի քաղաքացու մուտքը Շվեդիա՝ պահանջելով 1200 դոլար: Սակայն հանցագործությունը ավարտին չի հասել, քանի որ արտոնագրերի կեղծ լինելու հանգամանքը պարզվել է, և այդ մասին հաղորդվել է իրավապահ մարմիններին: Մի դրվագով էլ 63-ամյա կնոջ հետ գործակցած Չեռնոգորիայում գտնվող անձը նախնական համաձայնության է եկել Հայաստանում բնակվող տղամարդու հետ՝ կեղծ վիզայով անչափահաս աղջկա մուտքը Գերմանիա կազմակերպելու համար: Աղջկա մորեղբորից պահանջել են 3 500 եվրո: Սակայն Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելիս իրավապահները պարզել են վիզայի կեղծ լինելը, և աղջիկը ձերբակալվել է:
Դավիթ Փարվանյան - Այնուհետև նրան տեղափոխել էին ապաստարան հայցած անձանց կենտրոն, ինչպես նաև տեղի երկրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի դատախազությունը երեխաների պաշտպանության մասին օրենքներից ելնելով որոշում էր կայացրել, որպեսզի տվյալ անչափահաս անձին չդատապարտի, սակայն պետության հաշվին անվճար տրամադրվել էր պաշտպան, և նշված աղջիկը տարիներ շարունակ չէր կարողացել մուտք գործել ինչպես ՀՀ, այնպես էլ թեկուզև մեկնել Գերմանիայի Հանրապետություն:
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Իսկ ինչպե՞ս ավելի արագ կողմնորոշվել, որ տուրիստականի ներկայացուցիչը խարդախությամբ է զբաղվում. քննիչը այս գործերի օրինակով է բացատրում՝ առանց դեսպանատուն կամ վիզաների կենտրոն այցելելու՝ շենգեն վիզա ստանալ հնարավոր չէ.
Դավիթ Փարվանյան - Տուրիստական գործունեությամբ զբաղվող հիշյալ ընկերությունների ներկայացուցիչները խոստումներ են տալիս, թե, իբր, կարիք չկա համապատասխան երկրների վիզաների կենտրոններ կամ դեսպանատներ այցելելու, ինչպես նաև համապատասխան երկրների վիզաների կենտրոն կամ դեսպանատներ մուտք գործելու համար մատնահետքեր տալու համար, այսինքն՝ պահանջում են քաղաքացիներից միայն համապատասխան փաստաթղթեր, սակայն իրականում նրանք իրենց չնչին գումարներով կեղծ արտոնագրեր են ստանում, որոնք ներկայացնում են քաղաքացիներին, որի արդյունքում էլ հիմնականում առաջանում են խնդիրներ:
Անօրինական միգրացիայի կազմակերպումը տուգանքից մինչև 8 տարի ազատազրկում է ենթադրում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան