Նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ զով եղանակը կպահպանվի մինչև կիրակի: Ընդհանուր առմամբ, օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում, սակայն քանի որ երեկոյան ուժգին քամիներ են գրանցվում, մասնագետները բարձր են համարում անտառային հրդեհների ռիսկը և զգոնության կոչ անում հատկապես բնության գրկում հանգստացողներին: Բարձր ռիսկային գոտիներում փրկարարներն արդեն հերթապահություն իրականացնում են։
Եղանակը հովացել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի շնորհիվ։ 2 օր առաջ՝ Արարատ-Ուրցաձորում գրանցված 40 աստիճանից օդի ջերմաստիճանն իջել է միջինը 33-ի։ Սառը հոսանքի հետ՝ Լոռի-Տավուշում նաև հորդառատ անձրև-խոշոր կարկուտ է եկել, խիստ ինտենսիվ տեղումներով է առավոտը բացվել նաև Գավառում։ Խոնավ ու զով կլինի մինչև կիրակի․ ամսի 6-ից ջերմաստիճանը նորից կբարձրանա՝ ամռան վերջին ամսվա օդերևութաբանական կանխատեսումներն է փոխանցում Գագիկ Սուրենյանը։
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Օգոստոսին սաստիկ շոգեր առանձնապես չեն կանխատեսվում, նորմայից 1 աստիճան բարձր, բայց նույնիսկ շոգ հատվածներում՝ մաքսիմում 38 աստիճան, որոշ հատվածներում կլինեն թեթև անձրևներ՝ ամպրոպային:
Ի տարբերություն նախորդ ամռան՝ այս տարի ավելի շատ տեղումներն են նորման գերազանցում, քան թե շոգերը։ Ջերմաստիճանի իջնելու հետ գիշերվանից քամին ուժգնացել է, ինչը բարձրացնում է անտառային հրդեհների ռիսկը՝ զգուշացնում են փրկարար ծառայությունից։ Առանց այդ էլ դժվարությամբ մարեցին շաբաթվա սկզբին Վայոց ձորի Աղավնաձոր բնակավայրի սարերին բռնկված կրակը։
Արսեն Մկրտչյան (ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ) - Մեր հրշեջների և նաև ՊՆ-ի ուղղաթիռ է ներգրավվել, կարողացանք դեմն առնել՝ 65 հա-ով սահմանափակվել է, ներկայումս մարման փուլում է, թեթև ծխապատ գոտիներ կան, սահմանված է հերթապահություն:
Ճգնաժամային վիճակագրությունը փաստում է․ հրդեհների քանակը երկրում ավելանում է։ Հունվարից մինչև հիմա արձանագրվել է 2964 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2879-ի փոխարեն։ Ընդ որում՝ եթե բնակելի շենքերում հրդեհների քանակը պակասել է 51-ով, ավտոտնակներինը՝ 11-ով, 15-ական ավելացել են բուսածածկ տարածքների ու պահեստավորված անասնակերի վառվելու դեպքերը։ 31-ով շատացել են տրանսպորտային միջոցների, 61-ով՝ աղբանոցների այրվելու դեպքերը։ «Ինչո՞ւ փրկարարների ուժերը չեն բավականացնում վերջնականապես մարելու Նուբարաշենի աղբավայրի հրդեհը, այն դարձել է մարդկանց թունավորող այրվող-արտանետվող գազերի, հոտի ու մրի օջախ» հարց-մեղադրանքին ծառայությունից բացատրում են. հրդեհի ժամանակ իրենք կանչով օգնության են գնում, բայց աղբի կուտակման-աղբաոչնչացման վայրերի խնդիրը դրանք կառավարող ընկերությունների պատասխանատվության տակ է։
Արսեն Մկրտչյան - Վերջին հրդեհը, որ բռնկվել էր, առայսօր այնտեղ իրականացվում է հերթապահություն, կարծում եմ՝ անխուսափելի է, աղբավայրերում միշտ լինելու է, խորհուրդ կտամ աղբավայրերի տնօրինությանն ուշադրություն դարձնեն:
Հրշեջներն այս սեզոնին ուշադրություն-զգոնություն են ակնկալում նաև հանգստյան օրերը բնության գրկում անցկացնողներից։ Խոտը չորացած է, պատահական մի կայծը կարող է անկառավարելի կրակի պատճառ դառնալ։ Խորովածի խարույկը լավ հանգցրեք գնալուց առաջ, սիգարետի մնացորդները որտեղ պատահի՝ մի՛ շպրտեք, խուսափե՛ք արևի տակ վառելիքով շիշ կամ ապակի թողնելուց՝ անվտանգության պարզ կանոնների մասին ծառայությունը վերջին շրջանում մարդկանց նաև դրոններով են իրազեկում՝ ասում են.
Բագրատ Վարդազարյան (ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ) - Շաբաթ-կիրակի օրերին, երբ բնակչության հոսքը դեպի հանգստի գոտիներ ակտիվանում է, անօդաչու սարքերով իրականացնում են հրդեհային կանոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ:
Գագիկ Սուրենյան - Այսօրվա դրությամբ 5-րդ աստիճանի ամենաբարձր կարգի հրդեհավտանգություն առկա է Արարատում, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, մի քանի մարզերում՝ ամենացածր կարգի:
Բարձրռիսկային գոտիներում փրկարարները ստիպված են հերթապահություն իրականացնել։ Ճշտում են անտառային կածանների վիճակը․ որտեղ ճանապարհները շատ քարուքանդ են՝ բնապահպաններին առաջարկել են տարածքում մեծ բաքեր տեղադրել՝ հրդեհի դեպքում կրակը գոնե սրսկիչներով մեկուսացնելու համար: