Օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Ներկա են եղել ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, միևնույն ժամանակ մատնանշել ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումները և տվել հանձնարարություներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են օպերատիվ կառավարման կենտրոնի կիսամյակային վերլուծության ամփոփումը, արձանագրված հանցագործությունների դեպքերը մայրաքաղաքում և մարզերում։
Ոստիկանության պետը անդրադարձել է քաղաքացիների հետ շփումներում նոր գործելաոճի որդեգրմանը, հանցավորության դեմ ամենօրյա պայքարին, հասարակական կարգի պահպանմանն ու ծառայության այլ ոլորտներում հետևողական աշխատանքին: Նշել է, որ դրական արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք: Նաև առանձնահատուկ շեշտել՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ամենօրյա հետևողականությամբ ակտիվացնել աշխատանքները «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Օպերատիվ խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներին և ՊԾ ու ՃՈ ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ։
Քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։