Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկում` «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելու նպատակով:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և դեսպան Ռիխտերին` շրջակա միջավայրի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և շարունակական աջակցության համար: Նախարարը կարևոր է համարել նաև այն փաստը, որ այցը համընկել է Սևանա լճի կանաչման շրջանի հետ. կապտականաչ ջրիմուռների ակտիվացման շրջանը մոտենում է ավարտին: Նախարարը դեսպանին է ներկայացրել խնդիրը և դրա առաջացման պատճառները:
Այցը մեկնարկել է Սևանա լճում նավով շրջայցով, որի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը և կենտրոնի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը զեկույցներ են ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է SEVAMOD2 հայ-գերմանական գիտահետազոտական ծրագիրը, որը ֆինանսավորվել է Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից (Funding ID 01DK20038), և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի 60 % համաֆինանսավորվել է քիմիական անալիզների համար անհրաժեշտ գումարը:
Ծրագիրն ունեցել է երեք տարի տևողություն` 2020-23 թթ.
Ծրագրի բոլոր նպատակներն իրականացվել են, այն հնարավորություն է տվել մոդելավորման միջոցով գնահատել Սևան լճի հիդրոդինամիկ պայմանները, սնուցիչների տեղաշարժման առանձնահատկությունները։ Բացի նախատեսված 1D մոդելից իրականացվել է նաև լճի 2D մոդելավորում (CE-QUAL-W2 լճային երկչափ մոդելի հիման վրա)՝ հիդրոդինամիկ և էկոլոգիական բաղադրիչներով։
Գնահատվել է կլիմայի փոփոխության պայմաններում Սևանա լճի հիդրոդինամիկ պայմանների փոփոխությունները և դրա ազդեցությամբ լճում ընթացող պրոցեսների փոփոխությունները։
Ծրագրի կարևոր բաղադրիչն էր նաև հեռահար զոնդավորման կիրառման հնարավորությունները, գնահատումը և վերլուծությունները։
Ծրագրի իրականացմամբ հնարավոր դարձավ Սևանա լճում սկսել կանոնավոր գիտահետազոտական և մոնիթորինգային աշխատանքներ:
Զեկույցներից հետո «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները լճից ջրի նմուշսռում են իրականացրել` պարզելու ջրի թափանցիկության աստիճանը և դրանում թթվածնի պարունակությունը:
Այցը շարունակվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարան (Սևան ՀՕԴ) այցով, որի ընթացքում նախարարին և դեսպանին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, կլիմայի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և այլ հարցերի լայն շրջանակ: Դեսպանն հետաքրքվել է իրականացվող ծրագրերով և միջոցառումներով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները և դաշտային այցերը հաճախակի դարձնել: