ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ.Հ.-ն, ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների պայմաններում՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ին, չունենալով զբաղեցված մարտական դիրքերից նահանջելու վերաբերյալ ավագ պետի հրամանը կամ թույլտվությունը, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմին անհիմն հրամայել է նահանջել, ինչի հետևանքով անձնակազմը լքել է մարտական դիրքերը: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից:
«Այնուհետև, Վ.Հ.-ն, «ձախ ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, այտուցի ձևով» թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ստացած լինելու պատրվակով, դիմել է բուժօգնության և մի քանի օրով ազատվել ծառայողական պարտականությունների կատարումից:
Ապաքինվելուց և շարք վերադառնալուց հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Վ.Հ.-ն, տեղեկանալով, որ վաշտի անձնակազմի հետ մեկնելու է մարտական առաջադրանք կատարելու, փորձել է համոզել սերժանտ Ա.Մ.-ին՝ արհեստական եղանակով վնաս պատճառել իր առողջությանը. սերժանտ Ա.Մ.-ից մերժում ստանալուց հետո՝ Վ.Հ.-ն որոշել է ինքնուրույն անդամախեղում կատարել: 2020 թվականի նոյեմբերի 6-ին, դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհով ընթանալու ժամանակ, Վ.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
ՀՀ ՊԲ հրամանատարի 2021 թվականի փետրվարի 16-ի հրամանով՝ Վ.Հ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
2023 թվականի հուլիսի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 363-րդ հոդվածի 5-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը):
2023 թվականի օգոստոսի 1-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: