Հայաստանն ու Ադրբեջանն ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումներն անցել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին։ Մենք առաջարկել ենք լարվածության թուլացման փոխզիջումային լուծումներ: Ակնկալում ենք, որ մարդասիրական նկատառումները կգերակայեն Բաքվի և Երևանի միջև առկա քաղաքական տարաձայնությունների նկատմամբ»։
Գոնչարը նշել է, որ ռուսական կողմը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման:
«Բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն համաչափ: Կողմերից որևէ մեկը չպետք է մտածի, թե մյուսն ավելին է ստացել: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսությանը և հզոր խթան կհաղորդի մյուս ոլորտներում եռակողմ աշխատանքներին»:
Դիվանագետի խոսքով՝ ցավոք, ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան կցանկանար Մոսկվան:
Նա շեշտել է՝ Բաքվից և Երևանից շուտափույթ խաղաղության հասնելու ազդակներ են ստացվում, սակայն դա չի նշանակում, որ կողմերը պատրաստ են հաշտության պայմանագիր կնքել ցանկացած պայմանով, դեռ որոշ բարդ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։
«Դրանցից ամենակարևորը Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է։ Համապատասխան տրամաբանությունը սահմանվել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի փոխադարձ հաստատումից հետո: Համաձայնագրի իրականացման համար պահանջվում է նաև միջազգային աջակցության մեխանիզմ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու քաղաքական անկախությունը»:
Գոնչարը նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Նրա խոսքով արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե Երևանն ու Բաքուն արդեն իսկ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին կարող են խաղաղության պայմանագիր կնքել: «Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը», - նշել է Գոնչարը:
Ռուս դիվանագետը եզրափակել է՝ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից և առանցքային գործընկերից է Հարավային կովկասում, հավելել՝ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները ևս զարգանում են:
ԿԱՆԱԴԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԼՂ-ՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՄԲ
Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Այս մասին նշված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:
«Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ թույլատրել մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, և հորդորում ենք բոլոր կողմերին շարունակել խաղաղ երկխոսությունը»:
ԿՈԼՈՄԻՆԱՆ՝ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ ՎԱՏԹԱՐԱՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Լաչինի միջանցքի շուրջ վատթարացող իրավիճակի հետ կապված խոր մտահոգություն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Տեղաշարժի ազատության ապահովումն ու մարդասիրական հրատապ կարիքների հասցեագրումն առանցքային են: ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով համաձայնագրի հասնելու ուղղությամբ։
ՓԱԼՈՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Թվիթերի միկրոբլոգում Փալոնը գրել է. «Ուրախ եմ, որ Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասին գործի՝ երաշխավորելու, որ Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը և կրկին թույլ կտա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների առաքումն Արցախ»:
Անտոնիո Գուտերեշը երեկ մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված և կոչ արել հրատապ միջոցներ ձեռնարկել` կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը ապահովելու համար:
ԻՊ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ
«Իսլամական պետությունը» հաստատել է ահաբեկչական կազմակերպության առաջնորդի մահվան մասին տեղեկությունը։
Al Arabiya հեռուստաալիքի տվյալով՝ այսպես կոչված չորրորդ խալիֆ Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրաշին սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ բախումների ժամանակ: Մահվան հստակ ամսաթիվը չի նշվում։ «Իսլամական պետություն» խմբավորման նոր առաջնորդն է դարձել Աբի Հաֆսան ալ Հաշիմի ալ Քուրաշին։
Հիշեցնենք՝ Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրաշիի մահվան մասին դեռ ապրիլի 30-ին հայտարարել էր Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը տեղեկցրել էր, որ թուրքական հետախուզությունը ոչնչացրել է «Իսլամական պետության» առաջնորդին Սիրիայում գործողության ընթացքում։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 7-Ի
Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 30-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում հայտնված ավելի քան 200 մարդ տարհանվել է: Մի շարք կամուրջներ և ճանապարհներ անցել են ջրի տակ:
Դեպքի վայր է մեկնել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա տեղեկացրել է, որ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել: