Սինգապուր՝ 117 հազար դոլար, ԱՄՆ 93 հազար, Ճապոնիա՝ 88 հազար. սա երկրների՝ մեկ շնչին բաժին ընկնող պետական պարտքի չափով առաջին եռյակն է, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 3240 դոլար է, մեր երկիրը 90-րդն է: ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհի պետական պարտքին առնչվող 2022-ի տվյալները:
Էդգար Աղաբեկյան (տնտեսագետ) - Մենք վերջին 2 տարվա մեջ՝ նախորդ տարի և այս տարի, քովիդից հետո՝ պայմանավորված արտաքին միջավայրի իրավիճակով, բավականին բարձր եկամուտներ ունենք, և դա թույլ տվեց կառավարությանը պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնել, և այս առումով մեր դիրքերը հնարավորինս լավանում են:
Ընդհանուր առմամբ՝ համաշխարհային պետական պարտքը նախորդ տարի հասել է պատմական առավելագույնի՝ 92 տրիլիոն դոլար: 2000-ականներից ի վեր՝ այն հնգապատկվել է: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ «Պարտքի աշխարհ. Համաշխարհային բարգավաճման աճող բեռ» զեկույցը ներկայացնելիս ընդգծել է, որ այս ցուցանիշները խոսում են անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Աշխարհի երկրների պարտքը համադրելի է համաշխարհային ՀՆԱ-ին, և սա բարձր ցուցանիշ է իրականում: Հատկապես վերջին երկու ճգնաժամերին՝ կորոնավիրուսի ճգնաժամին և անցյալ տարի սկսած կենսապայմանների ճգնաժամին, այսինքն՝ բարձր ինֆլյացիային, սոցիալական խնդիրներին, այդ ճգնաժամին ևս հակազդելու համար պետական պարտքի բեռի որոշակի աճի միտումներ են դրսևորվում:
Ըստ ՄԱԿ-ի տվյալի՝ ընդհանուր առմամբ 52 երկիր պարտքի սպասարկման հարցում լուրջ խնդիրներ ունի: Անտոնիո Գուտերեշը մտահոգիչ է համարել տոկոսավճարների արագ աճը, որոնք շատ դեպքերում գերազանցում են առողջապահության և կրթության ծախսերը:
Էդգար Աղաբեկյան - Զարգացած երկրների մոտ այն հոսքերը, որ իրենց տնտեսությունն ապահովում է, որոշակիորեն կայուն են և իրենք կարողանում են իրենց ՀՆԱ-ից մի քանի անգամ ավել պարտք ներգրավվել և դա սպասարկել: Զարգացող երկրների մոտ որոշակի ռիսկեր կան, որովհետև իրենք ավելի շատ կախված են արտաքին միջավայրից, այդ ռեսուրսների օգտագործման հետշարունակականության, դրանց եկամուտ բերելու խնդիրներ կան:
Պարտքը կայուն է, երբ դրա միջին տոկոսադրույքն ավելի ցածր է, քան երկրում տնտեսության աճի տեմպերը, ընդգծում է Նարեկ Կարապետյանը, հավելում՝ զարգացող երկրներն այս առումով խնդիրներ ունեն: Թեև 2022-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը 10 մլրդ 637 մլն դոլար էր և այս տարի այն ավելացել է ավելի քան 465 մլն-ով, այդուամենայնիվ, Կարապետյանի դիտարկմամբ, Հայաստանն այս հարցում առանձնանում է:
Նարեկ Կարապետյան - Հայաստանը իրականում պարտքի բեռի միջին ցուցանիշներ ունի համեմատած զարգացող երկրների հետ, ընդ որում՝ պետք է նկատել, որ անցյալ տարվա ընթացքում փոխարժեքի արժևորման և բարձր տնտեսական աճի շնորհիվ Հայաստանի պարտքի բեռն էականորեն նվազել է, և ներկայումս ավելի ցածր է, քան զարգացող երկրների միջին պարտքինը:
ՄԱԿ-ը կոչ է արել բարեփոխել միջազգային ֆինանսական, ներառյալ պարտքի ճարտարապետությունը, ավելի ընդգրկուն համակարգ ստեղծել, որը զարգացող երկրներին հնարավորություն կտա ակտիվորեն մասնակցել միջազգային ֆինանսական համակարգի կառավարմանը:
Նիկոլայ Ավետիսյան
Արման Թովմասյան