Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը ադրբեջանական շրջափակման պատճառով լուրջ սպառնալիքի տակ է՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը, որը նախագահել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Վահե Գևորգյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ) - Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակումը: Այս ապօրինի և անմարդկային գործողությունը բացահայտ ոտնահարում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Ադրբեջանի կողմից հունիսի 15-ից ի վեր մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը հանգեցրել է սննդի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի՝ ստեղծելով ծայրահեղ հումանիտար ճգնաժամ: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները կաթվածահար են արել սոցիալական և առողջապահական ծառայությունները և տրանսպորտային համակարգը՝ զրկելով պաշարված ժողովրդին իրենց՝ մարդու հիմնարար իրավունքներից:
Վահե Գևորգյանը նշել է, որ շրջափակումը հատկապես աղետալի ազդեցություն է թողնում բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ «Սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում»,- հավելել է փոխարտգործնախարարը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին, ինչը ևս հանգեցնում է սննդի պակասի։
Վահե Գևորգյան - Տեղում վատթարացող իրավիճակի վերաբերյալ նախազգուշացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ Լեռնային Ղարաբաղում միակ միջազգային մարդասիրական առաքելությունը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ի իր հայտարարությամբ մտահոգություն է հայտնել օրեցօր ավելացող մարդասիրական կարիքների կապակցությամբ և ընդգծել, որ ներկայումս ի վիճակի չէ Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը։ Դրանից 3 օր անց Ադրբեջանը առևանգում է ԿԽՄԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի ձերբակալությունը, ում տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի հետ, սոսկ նենգություն չէ, այլ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ աշխատանքի ծրագրված խոչընդոտում:
Գևորգյանը հավելել է, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ մատակարարել շուրջ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դիմել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին՝ մարդասիրական օգնության առաքումը կազմակերպելու համար, սակայն շարասյունը մինչ այժմ Լաչինի միջանցքի մուտքի մոտ է, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է դրա տեղափոխումը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի ակտիվ արձագանքել Բաքվի գործողություններին՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների լիարժեք և անվերապահ կատարումը:
Վահե Գևորգյան - Հուսով ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը, որում նա խոր մտահոգություն է հայտնել հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը, կլինի առաջին քայլը ՄԱԿ-ի՝ տեղում առավել ակտիվ ներգրավվածության ուղղությամբ:
Վահե Գևորգյանը եզրափակել է՝ անգործության գինը չափազանց բարձր է, սովի միջոցով իրականացվող զանգվածային այս վայրագությունը անհրաժե՛շտ է և հնարավո՛ր է կանխել:
Քննարկման ընթացքում Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին անդրադարձել են նաև Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչները:
ԼՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՔՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ
Նաթալի Բրոդհերսթ (ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ) - Ֆրանսիան կոչ է անում վերացնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնության առաքման խոչընդոտները: Անհրաժեշտ է վերացնել բոլոր սահմանափակումները՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշմանը համապատասխան:
Ադրիան Հաուրի (ՄԱԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ) -
Ցավում ենք, որ մարդասիրական կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, չեն կարողանում լիարժեքորեն իրականացնել իրենց գործունեությունը, ինչին ականատես եղանք Լաչինի միջանցքում: Մենք հիշեցնում ենք Անվտանգության խորհրդի 2664 բանաձևի իրականացման կարևորության մասին՝ առավել դժվար պայմաններում մարդասիրական գործողություններին աջակցելու համար:
ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն արձագանքել է, նշել, թե իբր Հայաստանը փորձում է չարաշահել մարդասիրական օգնության հետ կապված խնդիրները: Նա հավելել է, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ուղղված հերթական մեղադրանքներից հետո ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե իբր Բաքուն ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և կայունություն բերել տարածաշրջան: