ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեում կազմակերպվել է ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում, որին մասնակցել են շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:
Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համառոտ ներկայացրել է նախագիծը, որից հետո քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ և մի շարք հարցեր ուղղել ոլորտի պատասխանատուներին:
Պատասխանելով հարցերին՝ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն անդրադարձել են նախագծի մշակմանը զուգահեռ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող և մոտ ապագայում նախատեսվող բարեփոխումներին՝ շեշտելով կառավարման և բովանդակային մասերում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Մասնավորապես՝ նշվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին մինչև 2024 թ. փետրվարի 15-ը ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ, որը սերտորեն առնչվում է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին և միտված է բարձրագույն կրթության և հետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովմանն ու ոլորտներում միջազգային մրցունակության բարձրացմանը:
Կոմիտեի նախագահը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկումները հանրային լսումով չեն սահմանափակվելու. առաջիկայում նախատեսվում են այցելություններ տարբեր գիտական կենտրոններ ու բուհեր՝ ծրագրի քննարկման և նախագծման փուլերում հնարավորինս շատ շահառուներ ներգրավելու և տարբեր ոլորտների առանձնահատկությունների հետ կապված՝ խնդիրներին մանրամասնորեն ծանոթանալու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներին և մասնագիտացված կառույցներին։
Նախատեսվում է սեպտեմբերից սկսել Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը, որը, համաձայն ժամանակացույցի, կտևի երկու տարի: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ ավարտել 2029 թ. դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ հնարավոր է ներկայացնել մինչև օգոստոսի 7-ը ներառյալ` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/6013 հղումով, կամ ուղարկելով Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլհասցե՝ [email protected]):