Չինաստանի ներկայացուցիչը կարող է մասնակցել Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին, որը պետք է անցկացվի Ջիդայում՝ Սաուդյան Արաբիա։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ գործակալության աղբյուրի՝ միջոցառմանը Չինաստանի ներկայացուցչի մասնակցությունը դրական է ընկալվում։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովը կարող է նպաստել ուկրաինական հակամարտության վերաբերյալ խաղաղ նախաձեռնությունների համախմբմանը։
Տեղեկությունն այն մասին, որ Պեկինը կարող է մասնակցել Ջիդայի գագաթնաժողովին, հայտնվել էր օգոստոսի 2-ին Wall Street Journal-ում։ Ըստ թերթի՝ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը։
Գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 5-6-ը։ Ակնկալվում է, որ ներկա կլինեն մոտ 30 երկրի ներկայացուցիչներ: Սաուդյան Արաբիան Ռուսաստանին կտեղեկացնի Ուկրաինայի հարցով Ջիդայում կայանալիք բանակցությունների արդյունքների մասին, հայտնում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ դեռևս հաստատված տեղեկություններ չկան բանակցություններին Սաուդյան Արաբիայի վարչապետի և թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի մասնակցության մասին: