Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրման փորձերը` ի վնաս որակի և անհրաժեշտ նախապատրաստման, կարող են ապագայում նոր հակամարտությունների պատճառ դառնալ: Այդ մասին TAСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի: Ավելին, ապագա հակամարտությունների ու ողբերգությունների հիմքեր կստեղծի: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված, փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը»,- ասել է դիվանագետը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Երևանն ու Բաքուն արդեն իսկ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին կարող են խաղաղության պայմանագիր կնքել: Գոնչարը նշել է` Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք` կողմերը:
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների հասնելուն: Դրանք պետք է հիմնվեն առկա իրողությունների վրա, առաջին հերթին` ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիմքով գործող մեխանիզմների վրա»,- ասել է նա: