Վրաստանն օգոստոսի 1-ից արգելել է ամերիկյան ավտոմեքենաների արտահանումն ու վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս: Եվրամիության տարածքից ներկրվող մեքենաների համար նույն կանոններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 26-ից՝ հայտարարել են Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունից: Որոշումը կայացվել է ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի համաձայն։ Մինչ այս որոշումը արգելված էր Եվրամիությունից Ռուսաստան մատակարարել 50 հազար եվրոյից ավելի արժեքով մեքենաներ։ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների վերջին փաթեթով արգելվում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1,9 լիտր շարժիչով, ինչպես նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաներ:
Վրաստանից Ռուսաստան արտահանման ցանկում մեքենաները 3-րդն են իրենց արժեքով: Այս տարվա առաջին վեց ամսում երկրից ավելի քան 3 700 ավտոմեքենա է արտահանվել Ռուսաստան, ընդհանուր 53 մլն դոլար արժեքով: Ավտոմեքենաների արտահանումը վերջին տարվա ընթացքում աճել է 274 տոկոսով։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԹԵՀՐԱՆ-ՄԻՆՍԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է Թեհրանի և Մինսկի միջև ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են Իրանի և Բելառուսի զինված ուժերի միջև պաշտպանական փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ռազմական համագործակցության կարևորությանը: Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Արևմուտքի անարդար պատժամիջոցներին դիմագրավող, ինքնիշխան պետությունները պետք է պատշաճ հարաբերություններ և փոխգործակցություն ունենան միմյանց հետ:
ՆԱՏՕ-Ն ՉԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման տարբերակը Բելառուսին ուղղված Լեհաստանի մեղադրանքների հետ կապված։ «ՆԱՏՕ-ի երկրների կողմից 5-րդ հոդվածը կիրառելու գործընթաց կա: Մենք ներկայումս նման իրավիճակում չենք»,- ընդգծել է Միլլերը: Օգոստոսի 1-ին Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բելառուսական երկու ուղղաթիռներ խախտել են երկրի օդային տարածքը։ Բելառուսի պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ Մինսկը Վարշավային տրամադրել է օդային հսկողության օբյեկտիվ տվյալներ, որոնք վկայում են՝ լեհական մեղադրանքների համար որևէ լուրջ հիմք չկա:
ՌԴ-Ն ՆՈՐՎԵԳԻԱՆ ՆԵՐԱՌԵԼ Է ՈՉ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Ռուսաստանը Նորվեգիան ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնք ոչ բարյացակամ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ՝ հայտարարությունը տարածել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից: Պարզաբանվում է, որ այդ ցանկում ընդգրկված դիվանագիտական առաքելությունների համար ՌԴ տարածքում գործունեություն սահմանափակվածէ : Այս պահին Մոսկվան սահմանափակումներ է սահմանել նաև ԱՄՆ-ի, Չեխիայի, Հունաստանի, Դանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչությունների համար։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Իսրայելում դատական համակարգի փոփոխությունների դեմ ցույցերը շարունակվում են արդեն 30 շաբաթ։ Այս գիշեր Թել Ավիվում և մայրաքաղաքին մոտ գտնվող քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի առաջին ատյանի դատարանի շենք՝ իրենց աջակցությունը հայտնելով դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի արդարադատության նախկին նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը: Բողոքի ալիքը չի հանդարտվում այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հավանություն տվեց դատական համակարգի փոփոխությունների առաջին օրինագծին: