Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին ալյուրի սղությունը, որը կապվում է ցորենի բերքի խոնավ լինելու հետ, խուճապային իրավիճակ է ստեղծել: Իրավասուները վստահեցնում են, որ մի քանի օրից խնդիրը կկարգավորվի, սակայն մարդիկ օրվա հացը գնելու համար գիշերները հերթերի մեջ են անցկացնում: Թեպետ արտադրամասերը աշխատում են շուրջօրյա, սակայն հոսանքի հովհարային անջատումները ևս հացի սղության պատճառ են դառնում:
Ստեփանակերտում գիշերները հացի հերթեր են: Ադրբեջանական շրջափակման պայմաններում մարդիկ ստիպված են կեսգիշերին հերթ կանգնել, որ գոնե առավոտյան արտադրամասերից կարողանան հաց գնել: Շոգի և երկար հերթերի, նաև թերսնվածության պատճառով հացի հերթերում ուշագնացության դեպքերը շատացել են: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ալյուրի պակաս ևս նկատվում է, ինչի հետևանքով որոշ արտադրամասեր չեն աշխատում:
ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՅԱՆ (արտադրամասի պատասխանատու) - Այս երկու օրվա ընթացքում մի քիչ ալյուրի նվազում եղել է, մի քիչ էլ խուճապային տրամադրություն կա ժողովրդի մեջ, դրա համար էլ այս վիճակն է: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ մաքսիմում երկու օրվա ընթացքում ալյուրի պաշարները լրիվ գալու են իրենց տեղը, հացն էլ, ինչպես տեսնում եք, գիշեր-ցերեկ ենք անում ժողովրդի համար:
Խանութներում հաց չկա, և մարդիկ փորձում են մի քանի օրվա համար հաց գնել՝ նկատում են արտադրամասերում: Սա դեֆիցիտ է առաջացնում շուկայում:
ԱԼՎԻՆԱ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ (արտադրամասի պատասխանատու) - Աշխատանքը կատարվում է հերթափոխով, բանվորները մեծ ջանք են դնում: Հերթափոխն այնքան է մնում, մինչև որ մյուս հերթափոխը գալիս է աշխատելու: Ուղղակի ժողովուրդը խուճապի է մատնված, շատ քանակով են հաց ուզում, շատ լավ կլինի, որ պետական մարմիններից այդ հերթերին ուշադրություն դնեն, որ ամեն ինչ նորմալ ընթանա: Ճիշտ է, ունենք ալյուրը, բայց առաջվա նման չենք ստանում:
Հացի հերթերը կանոնակարգում, իրացվող հացի քանակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի պետեկամուտների ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեների աշխատակիցները: Ալյուրի արտադրության դանդաղումը պայմանավորված է տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ՝ ասում են Լեռնային Ղարաբաղի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԼՂ ԳԳԱՀ տնօրենի տեղակալ) - Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ խոնավությունը շատ բարձր էր: Ցորենի մի մասը չենք կարողացել հնձել՝ հետաձգվել է հունձը, իսկ մյուս մասն էլ, որը հնձվել է, խոնավությունը շատ բարձր էր: Կատարում ենք լրացուցիչ աշխատանքներ՝ բերելու նորմայի սահմաններում, որպեսզի կարողանանք ալրաղացներում ստեղծենք ալյուր:
Հացի խնդիրը նաև հովհարային անջատումներն են խորացնում՝ Հայաստանից եկող գազատարն ագելափակված է, իսկ էլեկտրաէներգիան մատակարարվում է գրաֆիկով:
ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՅԱՆ - Համապատասխանեցնում ենք գրաֆիկի հետ, գործը կազմակերպում ենք: Գազի բացակայության պայմաններում ձմռանը հոսանքի պահանջարկը մեծ է լինելու: Այդ պատճառով «Արցախէներգո» ընկերությունը հնարավորինս ջուր է կուտակում Սարսանգում: Չեն բացառում, որ առաջիկայում 6-ժամյայի փոխարեն ավելի շատ լինեն անջատումները:
ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ - Ինչքան որ փոքր հէկերի արտադրությունը նվազում է, այնքան մենք չենք կարողանում այդ փոքր հէկերով թեկուզ առկա բեռը ապահովել: Բնական է՝ դրա հետ կապված մենք պիտի որոշում կայացնենք՝ ոնց ենք շարժվում առաջ՝ փոփոխությո՞ւն ենք անում գրաֆիկում, թե՞ օգտագործում ենք արդեն իսկ կուտակած ռեսուրսը:
2023-ի հունվարին Ադրբեջանն անջատել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղը սնուցող միակ էլեկտրագիծը՝ պարբերաբար արգելափակելով նաև գազատարը: 8-ամսյա պաշարման ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքներն ապահովում են բացառապես ներքին ենթակառուցվածքներով:
Հեղինակ՝ Նարեկ Սահակյան