ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ կհանդիպեն առաջիկայում՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, սակայն, հանդիպման վայրն ու ժամկետները պետք է համաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակից, ամփոփելով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է այցելել Թուրքիա։ Կրեմլից, սակայն, չեն հաստատել դա՝ շեշտելով, որ երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում։ «Հանդիպման վայրը քննարկվելու է, և դա պարտադիր չէ, որ Թուրքիան լինի»,- ասել է Պեսկովը։
ԲՐԻՔՍ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԲՐԻՔՍ-ի ընդլայնումը կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը. օգոստոսյան գագաթնաժողովում կքննարկվի, թե ինչ ձևաչափով և ծավալով դա պետք է արվի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: BRICS-ի գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում, որին կմասնակցեն Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները, Ռուսաստանը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցելու է հեռավար ձևաչափով։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է նաև հացահատիկային գործարքի մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հնչեցրած հայտարարությանը: Նա չի համաձայնել Բորելի այն դիրքորոշման հետ, որ Ռուսաստանը զարգացող երկրներին էժան հացահատիկ է առաջարկում նրանց կախման մեջ պահելու համար. նրա խոսքով՝ Ռուսաստանի եղել և մնում է հուսալի մատակարար, կատարում է բոլոր պարտավորությունները և կարող էր ավելին անել, եթե չլինեին պատժամիջոցները:
ՌԴ-Ն ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ՃՆՇՈՒՄԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎՐԱ. ՄՈՐԱՎԵՑԿԻ
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լիտվայի և Լեհաստանի սահմանին հիբրիդային հարձակումներ են կատարվում: «Ռուսաստանն ու Բելառուսը մեծացնում են ճնշումը մեր սահմանների վրա, պետք է գիտակեցել, որ դրանց թիվն աստիճանաբար աճելու է»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը:
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներն դավադրություն են նախատեսել՝ սահմանային իրադրության ապակայունացման նպատակով: Մատեուշ Մորավյեցկին նշել է, որ նխատակներից մեկը քաոս, անորոշություն ստեղծելն ու ՆԱՏՕ-ի արևելյան թևը թուլացնելն է: Լիտվայի նախագահն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Վագներ մասնավոր կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքով այս պահին Բելառուսում կազմակերպության մարտիկների թիվը կարող է գերազանցել 4000-ը: Նաուսեդան ընդգծել է, որ դաշնակիցները պետք է ալգորիթմ մշակեն, թե ինչ պետք է արվի, եթե իրավիճակն էլ ավելի բարդանա: «Պետք է մտածել նաև Բելառուսի հետ սահմանի փակման մասին, բայց դա պետք է արվի համակարգված՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ»,- նշել է նա:
ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել:Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ֆորմատով:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստի օրակարգային ամենակարևոր հարցերից է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նշանակումը, որը Յաշար Գյուլերի՝ ազգային պաշտպանության նախարար նշանակվելուց հետո դեռևս թափուր է: Լրատվամիջոցները գրում են, որ ժողովի նիստի մասին հանրությունը կտեղեկացվի միայն Էրդողանի կողմից համապատասխան հրամանագրերի ստորագրումից հետո: