Թթու ջուր- Նավուր 40.1 կմ ճանապարհի հիմնանորոգումն ակտիվ շինարարական փուլում է: Ճանապարհը նորոգում են շինարարական երկու կազմակերպություն: Թթու ջուր գյուղից սկսած ճանապարհի 15 կիլոմետր հատվածում իրականացվում են ջրահեռացման երկաթբետոնե համակարգերի փոխարինման, հողահարթեցման աշխատանքներ:
Արման Մնացականյան (Շինարարական ընկերության աշխատակից) - Արդեն հիմքն ենք դնում ճանապարհի:
Ճանապարհի 25 կիլոմետր հատվածը մեկ ամիս է՝ սկսել են ասֆալտապատել: Շինաշխատանքների տեմպին փոքր-ինչ խանգարել է անձրևոտ եղանակը: Գրեթե երկու ամիս ամեն օր անձրևել է, այդ մասին հուշում է նաև ամռան վերջին ամսին ոչ այնքան բնորոշ սարերի կանաչը: Ճանապարհի 25 կմ-ն այս տարի նախատեսված է ամբողջությամբ ասֆալտապատել: Այդ հատվածի հիմնանորոգման պայմանագրային արժեքը ավելի քան 3.6 մլրդ դրամ է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Առաջին կտորը՝ 15 կմ-ը, նախապատրաստել ասֆալտապատման աշխատանքին, իսկ եթե շինարարի կողմից զգանք ռեսուրս, որ հնարավոր է՝ այս տարի նաև ասֆալտապատում իրականացվի, պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնենք և ասֆալտապատման աշխատանքներ կմեկնարկենք:
Շինարարական ընկերության գլխավոր ինժեները ներկայացնում է ասֆալտապատմանը նախորդած աշխատանքը, վստահեցնում՝ կառուցում են որակյալ, անվտանգ ճանապարհ:
Արման Սարգսյան (Շինարարական ընկերության գլխավոր ինժեներ) - Հիմա կատարվում է խոշորահատիկ ասֆալտբետոնային ծածկի աշխատանք, այստեղ գերխոնավ է, եթե եղանակը թույլ տվեց, չենք հետաձգի, 2-րդ շերտը՝ մանրահատիկը, կտեղադրենք: Ենթահիմք ունենք ավազակոպճային, 10 սմ խճավազային, նոր խոշորահատիկը ՝ 6 սմ: Բեռնատարաները կարող են անցնել առանց ծալքավորման, բեռը պահելու խնդիր է:
Ճանապարհն, ըստ ինժեների, անմխիթար վիճակում էր, չէր համապատասխանում շինարարական նորմատիվային պահանջներին, բոլոր թերությունները շտկել են: Շինարարների խոսքով՝ երթեևկությունն ինտենսիվ է Բերդի կողմից՝ հիմնական շարժն ապահովում են սարվորները: Համոզված են՝ աշխատանքի ավարտից հետո երթևեկն ավելի կակտիվանա:
Արման Սարգսյան - Որևէ խոչընդոտ այս պահին կա՞, ոչ , միայն եղանակը: Իսկ ոչխարնե՞րը: Չէի ասի: Պետք է անցնեն, այս տարածքում մարդիկ ապրում են, սարում են: Խտացվել է, փռված ասֆալտի վրայով չի անցել: Հով է, գեղեցիկ է, մարդիկ լավն են: Կարևորը միայն քաղաքի ճանապարհները չեն, նաև հանրապետական նշանակության ճանապարհներն են, որ գյուղերը չդատարկվեն:
Խոչընդոտներ առաջացել են Իջևան- Գանձաքար -Իծաքար 35 կմ ճանապարհի հիմնանորոգման ժամանակ: Խախտվել է շինաշխատանքների ժամանակացույցը: Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը Թթու ջուր - Նավուր ճանապարհատված էր եկել Տավուշի մարզպետարանում շինարարի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո: Խնդիրները վերացնելու համար շինընկերությանը մինչև օգոստոսի վերջ ժամանակ է տրվել:
Գոռ Ավետիսյան - Եթե շինարարը չվերանայի աշխատանքը, նոր ներուժ չներգրավի, ստիպված կլինենք խզել պայմանագիրը, սկսել նոր մրցույթ: Անցած տարի 5-6 կմ ասֆալտապատվել է, կան թերություններ: Վերացվում են, տեղադրվում է նոր հիմք, ասֆալտապատում:
Ավետիսյանը կարևորում է այս երկու ճանապարհի նշանակությունը, որոնք կհատվեն նույն կետում՝ Բերդում: Վերևից նորաշենցի սարվորներն են նայում ճանապարհաշինությանը, ապագայի բիզնես ծրագրեր գծում: Մինչև այդ` սառը թան, մածուն հյուրասիրում շոգին ասֆալտ փռող շինարարներին: Գագիկ Աբրահամյանի խոսքով՝ նրանք անվտանգ ճանապարհ են կառուցում, իրենք էլ փորձում են ապահովել շինարարների անվտանգ աշխատանքը. այստեղ պատահող գայլերին մոտ չթողնելու տարբերակ են գտել: