Մկնիկի մի կլիկով՝ մաքսայինի ավագ տեսուչը Երևանում, եթե բեռի համար նախնական հայտարարագիր է ստացել Բագրատաշենից թե Մեղրիի անցակետից Հայաստան մտնող ֆուռերի դեպքում, կարողանում է հեռակա կարգով, հենց սահմանից ապրանքը բաց թողնել-հանձնել բիզնեսին։ Տվյալ դեպքում ներմուծում է հարևան Իրանից:
Կիմա Բագրատունյան (ՀՀ ՊԵԿ նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ) - Հայտարարագիր արդեն ներկայացրել է հայտարարատուն: Օրը միջինում 30 հայտարարագիր ունենում ենք:
Գրեթե նույնքան էլ բացթողում են ձևակերպում։ 2022-ի փետրվարից ներդրված «Նախնական հայտարարագրի» ծրագիրը ռեկորդներ է սահմանել՝ հպարտանում են ՊԵԿ-ից։ Առաջին կիսամյակի տվյալների համեմատությամբ՝ համակարգից օգտվող գործարարների թիվը կրկնապատկվել է, գործարքների քանակը՝ աճել մի քանի անգամ՝ արձանագրում է բաժնի պետը։
Սամվել Ղազարյան (ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի պետ) - Օրինակ՝ հուլիսին եղել է մոտ 700 նախնական հայտարարագիր:
Ըստ Սամվել Ղարզարյանի՝ բիզնեսն այս ընթացքում համոզվել է, որ ձեռնտու է՝ մինչև բեռի տեղ հասցնելը ներկրվող ապրանքի փաստաթղթերն ինտերնետով մաքսայինին ստուգման ուղարկի, որ հետո տերմինալ զննության գնալու կարիք չլինի, այլ ապրանքը սահմանից ուղիղ իր պահեստ տանի։
Նախնական հայտարարագրում այս տնտեսվարողի օֆիսում սկսել են նախորդ ամռանից։ Բիզնեսի ներկայացուցիչն ասում է՝ և՛ ժամանակ են խնայում, և՛ փող, որ պետք է վճարեին մաքսային գոտում ձևակերպումների սպասելիս:
Սերգեյ Խաչատրյան («Ջերմուկ գրուպ» ընկերության արտահանման և ներմուծումների բաժնի պատասխանատու) - Միջինը մեկ մեքենան 17-18 հազար դրամ է, իսկ սահմանում դա չկա՝ վճարման, դե ժամանակային՝ մեքենան երեկոյան գալիս է, սահմանում է լինում, առավոտյան մեր պահեստում է՝ դատարկման պրոցեսի մեջ, իսկ էն ժամանակ առավոտյան Երևանում նոր թղթերն էինք վերցնում, ընթացակարգեր կային՝ սննդի անվտանգություն և այլն, այսինքն՝ լավագույն դեպքում մենք օրվա մեջ թղթերը կվերցնեինք:
Մեքենաները տեսեք՝ արդեն բեռնաթափել են, սպասում են այսօր-վաղը նորից ճանապարհ ընկնելու՝ ցույց են տալիս ընկերությունում։ Սեզոնն է՝ զովացուցիչ, էներգետիկ ըմպելիք են ներկրում, նաև՝ հանքային ջրի արտադրության համար մետաղական խցան։
Նախնական հայտարարագրից այս փուլում շատ օգտվում են նաև շինանյութ ներկրորղները։ Մեծածավալ ու ծանրաքարշ ապրանքի համար հատկապես ծրագիրը շահավետ է, քանի որ տեղափոխող մեծաթիվ բեռնատարների համար բիզնեսն այլևս ստիպված չի լինում տերմինալի գումար վճարել։ Շենք ու ճանապարհ կառուցողների մատակարարներին ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հեշտացրել են գործը։
Սամվել Ղազարյան - Վերջերս որոշ տեսակի ապրանքների համար առհասարակ հանել ենք չափանիշները՝ սորուն լցնովի ռասսիպ, նավալ, նալիվ տարբերակներով ներմուծվող ցեմենտի, գիպսաքարի, կլինկերի կամ նավթային բիտումի համար առհասարկ որևէ չափանիշի պետք չէ, որ ընկերությունը բավարարի նախնական հայտարարագրման համար:
Չափանիշներն, առահասարակ, ծրագրի սկզբի համեմատ շատ են փոխվել: Ամենակարևորը՝ նախնական հայտարարագրից հիմա կարող են օգտվել նաև ոչ խոշոր բիզնեսները։ Այլևս պարտադիր չէ վերջին մեկ տարում առնվազն 300 մլն դրամի ներկրում ունենալը:
Սամվել Ղազարյան - Ներկա գործող չափանիշները՝ գումարային չափանիշը, հանել ենք ամբողջությամբ, տնտեսվարողն ընդամենը պետք է լինի ԱԱՀ վճարող, աշխատի էդ դաշտում և ներմուծումների գոնե կեսը ձևակերպած լինի մաքսազերծման գործարքի գնի առաջին մեթոդով։ Նույնիսկ երկրորդ ներմուծումից սկսած, եթե բարեխիղճ է, իրավախախտումներ չունի, կարող է օգտվել նախնական հայտարարագրման համակարգից:
Ներկրման հեշտացված նախնական հայտարարագրումից բիզնեսը չի կարող օգտվել միայն՝ լաբորատոր փորձաքննություն պահանջող ապրանքների դեպքում։