Մոլդովայի ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցությունն ակցիա է անցկացրել նախագահ Մայա Սանդուի վարչակազմի շենքի մոտ՝ բողոքելով ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոն ստեղծելու՝ իշխանությունների որոշման դեմ: Բողոքի մասնակիցները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
«Քարոզչության դեմ պայքարի լավ պատրվակով երկրում, ըստ էության, բացվում է «ճշմարտության նախարարություն», որը կարգելի քաղաքացիներին հայտնել իրենց կարծիքն ու խոսել մայրենի լեզվով»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության ակտիվիստ Յուրի Վիտնյանսկին:
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանում իշխող Գործողության և համերաշխության կուսակցության պատգամավորները հավանություն են տվել ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոն ստեղծելու՝ Սանդուի առաջարկին: Ընդդիմադիր կոմունիստների և սոցիալիստների դաշինքի պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել՝ ի նշան բողոքի լքելով նիստերի դահլիճը:
Օրինագծի հեղինակները կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորել են նրանով, որ երկրում չկա ազգային տեղեկատվական տարածքի անվտանգության ավելի բարձր մակարդակ ապահովելու ֆունկցիոնալ հնարավորություններ ունեցող մարմին։