ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ
Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագրով գործադիրը կաջակցի ևս 2 ընկերության: Մեկը նախատեսում է ներդնել 11 մլրդ դրամ, Աբովյանում կառուցել 218 սերվերային պահարանի ծավալով տվյալների մշակման կենտրոն։ Գործադիրը կհատկացնի 613 մլն դրամ՝ 2 ենթակայանի, մալուխային գծերի, ճանապարհի կառուցման համար:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մատուցելու են ծառայություններ վիրտուալ սերվերների, ամպային ծառայությունների, թվային տվյալների առումով: Կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ բավականին բարձր աշխատավարձով:
Վարչապետի հարցին ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշեց՝ ենթակայանները կլինեն պետության սեփականությունը, դրանք կսպասարկեն էլեկտրական ցանցերը:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Այլ կազմակերպություններ կամ անհատներ, որոնք կցանկանան տվյալ տեղում ստանալ ծառայություններ, կլինեն հավելյալ թողունակություն, ապա կկարողանան օգտվել: Սկզբունքային հարց է, բոլոր գումարները, որոնք տրամադրում ենք ենթակառուցվածքների համար, պետք է լինեն պետության սեփականությունը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եթե արվում է ներդրում, խնդիրը արդյունավետության մեջ է, հանրային միջոցը ճիշտ ճանապարհով օգտագործելու մեջ, որ դիսբալանս չլինի:
ՋՈՒՐԸ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆ
Կհստակեցվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը, փաստաթղթերի ցանկը: Հարցը զեկուցող Շրջակա միջավայրի նախարարի խոսքով՝ սահմանվել է նաև, թե որ մարմինների տեղեկատվության հիման վրա պետք է լիազոր մարմինը գնահատի հայտի դրական կամ բացասական եզրակացությունը:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Եվս մեկ կարևոր փոփոխություն. ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում բացի թույլտվությունից նաև անձնագիր ենք տրամադրում, որի մեջ թույլտվության ժամկետը չի ֆիքսվում, դա ռիսկ ունի, որ երկարացման դեպքում հնարավորություն չենք ունենում թույլտվությունը վերանայել, իսկ քանի որ ստորերկրյա ռեսուրսներից է, խորքային հորերից, կլիմայական փոփոխությունների դեպքում ջրերի մասով խնդիր ունենք, այս կարգավորումը կօգնի թույլտվության ժամկետի վերանայման պարագայում վերանայել՝ այդ պահին ջրային ռեսուրսը թույլ տալի՞ս է, որ լինի իքս չափի ջրառ:
Վարչապետն ահազանգեց՝ ջրի ճգնաժամը խորանում է ռեսուրսների հանդեպ սխալ վերաբերմունքի ու ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ արձանագրել է՝ ամենամեծ գյուղերից Ներքին Գետաշենն ու նաև մերձակա բնակավայերն ունեն ջրի լուրջ խնդիր:
Նիկոլ Փաշինյան - Ջրի պրոբլեմը ահռելի ծավալի է: Ճանապարհին տեսա աղբյուրներ, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր: Գուցե պատճառահետևանքային կապն ուղիղ չէ, բայց կապ կա: Մի կողմից մարդիկ խմելու ջուր չկա, մյուս կողմից տարբեր տեղերում տեսնում ենք, որ ջուրը 24 ժամ հոսում է, ոչ մեկը չի ասում՝ ուր ա հոսում: Սա համատարած պրոբլեմ է:
Ճանապարհների, կրթական ու առողջապահական համակարգերի բարելավման ծրագրերից հետո ջրի կառավարումը, ըստ վարչապետի, կլինի հաջորդ ռազմավարական խնդիրը:
Նիկոլ Փաշինյան - Եկեք խոստովանենք, ՀՀ-ում ջուրը այսօր չի կառավարվում, ջուրը հոսում է, բայց չի կառավարվում: Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, օրենքներ, որոշումներ, բայց ջուրը հանրապետությունում չի կառավարվում:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ձկնաբուծարանների փակ շրջանառու համակարգին անցնելու Կառավարության որոշմանը, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:
Նիկոլ Փաշինյան - Կամաց-կամաց ասում են՝ ոնց որ իրականանալի չէ. համաձայն չեմ, ձկնաբուծարանները կսնանկանան: Նախ ուզում եմ սննդի անվտանգության ոլորտին: Հարց պետք է մեզ տանք՝ ձկնաբուծարաններում ձկի բտում է լինում, շուկայի արտադրանքը որքանով է համապատասխանում սննդի անվտանգության կանոններին, ինչ ազդեցություն է ունենում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությանը:
Վարչապետն անընդունելի համարեց որոշումներն անընդհատ փոխելու տրամաբանությունը՝ նշելով, որ դրանք կայացվել են 1.5 տարի առաջ՝ հնարավորություն տալով մարդկանց իրականացնել ներդրումներ:
Նիկոլ Փաշինյան - Իսկ ով է ասել, որ պետք է եկամուտներ ստանան, կասկածելի արտադրանք թողարկեն շուկա, հետ էլ շանտաժի միջոցով կսնանկանանք, ձեր ռիսկն է: Հասկանում եմ, որ պետությունը պետք է աջակցի: Եկեք հաշվենք՝ տարեկան ինչքան ջուր ենք ծախսում, վատնում, ինչքանի ձուկ ենք արտադրում: Ոչ ոք չի հաշվում՝ պետությունն ինչքան կորցրեց, որ ջուրը մտավ ջրավազան, դարձավ ձուկ ու գնաց կորավ: Տասնյակ միլիարդներ են պետք ջրային ռեսուրսները վերականգնելու համար:
Ոլորտը կարգավորող որոշումը, ըստ վարչապետի, չի փոխվելու: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Սննդի անվտանգության տեսչությանը՝ սահմանել խիստ վերահսկողություն՝ պարզելու նաև արդյո՞ք ձկնաբուծարանների արտադրանքը համապատասխանում է սննդի անվտանգության չափանիշներին:
Նիկոլ Փաշինյան - Եվ այդ լոբբինգի բոլոր միջոցներն էլ դադարեցրեք, որևէ մեկն ինձ մոտ չմտնի, չի հետաձգվելու, թող գնան: Տեխնիկան առնում են, պետությունն աջակցում է, ներդրում անում են, աջակցում է, ամեն ինչով աջակցում ենք, պետք է վերաբերմունքը փոխեն ջրի նկատմամբ:
Շրջակա միջավայրի նախարարը նշեց՝ 2024-ի հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողները պետք է ունենան էլեկտրաչափական ջրաչափեր: Վարչապետը հետարքրքվեց նաև, թե ինչ փուլում է Հայաստանում 15 ջրամբար կառուցելու ծրագիրը: 6-ի նախագծման մրցույթները կայացել են, 3-ի նախագծերն այս տարի պատրաստ կլինեն, մյուս երեքի համար՝ ևս 3 ամիս կպահանջվի:
Արտաշես Թումանյան (ՀՀ վարչապետի խորհրդական) - Մեկի դեպքում վեցից կա արտաքին խաղացողների հետ խնդիր, որ ուզում ենք լուծել, կոմունիկացիաներ կան, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները: Իսկ մյուս 9-ը հետևյալ փուլում նրանք են, որոնց ցուցանիշները բավարար խորություն չեն ունեցել, խոր ուսումնասիրելու կարիք կա... աշխատում ենք: 6-ի դեպքում կհավաքենք 20 մլն խորանարդ ջուրը, 15-ը միասին 100 մլն խ/մ:
Գործընթացը պատշաճ ժամանակին իրականացնելու համար վարչապետը կարևոր համարեց նախագծող արտերկրյա ընկերությունների ներգրավումը: Վարչապետին զեկուցվեց նաև, որ ջրային ոլորտների խնդիրներին համապարփակ լուծում տալու համար նաև ռազմավարություն է մշակվում: Ջրային ռեսուրսների խնդրին վարչապետն անդրադարձավ անգամ զբոսաշրջության ոլորտում իրականացվող փոփոխությունների համատեքստում. շեշտեց Սևանի խնդիրը:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՃԵԼ Է
Զբոսաշրջության ոլորտը 30 տոկոս աճ է գրանցել լավագույն զբոսաշրջային տարի համարվող 2019-ի նկատմամբ, զբոսաշրջության օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի փոխնախարարը: Նշեց՝ առաջարկում են սահմանել չափորոշիչներ, ներդնել որակի վերահսկողության մեխանիզմներ: Վարչապետը հիշեցրեց՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ ծրագրվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 15 միլիոնի:
Նիկոլ Փաշինյան - Դա կարող է թվալ անիրատեսական, բայց այս տարվա ընթացիկ թվերը ցույց են տալիս, որ եթե մենք կարողանանք այնպիսի ծառայություններ մատուցել, որ Հայաստան վերադարձած զբոսաշրջիկը Հայաստան այցելելու խորհուրդ տա նաև ուրիշներին, դա իրատեսական խնդիր է: Զբոսաշրջության ոլորտն այնպիսին է, որ ամեն ինչ չէ, որ կախված է այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունից: Կարևոր են նաև մատուցվող տրանսպորտային ծառայությունները: Օրինակ՝ տաքսիների ծառայության ստանդարտի բարձրացումն առանցքային նշանակություն ունի:
2023-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նկատմամբ օդանավակայանի ուղևորաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, ավելացել է մոտ 1 միլիոն 200 հազարով: Առաջիկա 3 տարում զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի մոտ 10 մլրդ դրամ: Վարչապետն այս համատեքստում կարևորեց պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքը: Ընդգծեց՝ ոլորտում ռազմավարական որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա, պետք է զարգացնել մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքները:
Նիկոլ Փաշինյան - Ամեն ինչ արվում է, որ գյուղերում ևս բանկային քարտերով վճարելու հնարավորություն լինի: Կարևոր հանգամանք է նաև պարեկային ոստիկանության և փրկարար ծառայության աշխատանքը: Երբ զբոսաշրջիկը հաճախակի պարեկային ծառայողների մեքենաներ է տեսնում, նրա մոտ վստահություն է առաջանում և «կոմֆորտի» զգացողություն է ստեղծում:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԱՐԳԵԼՔՆԵՐԻՆ
Վարչապետն անդրադարձավ նաև մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքի կիրառմանը:
Նիկոլ Փաշինյան - Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, ինձ ապրանքը տվել են նույն տոպրակով, ինչ տալիս էին 5 տարի առաջ: Մինչդեռ այս դահլիճում քննարկում էինք՝ ինչի է տենց:
Նախարարը նշեց՝ մշակել են նոր նախագիծ, որով կարգելվի պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը:
Հակոբ Սիմիդյան - Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպարկների խնդիրը լուծել, վերահսկողությունը տեսչականները կանեն, արդյունքն ավելի լավը կլինի:
Վարչապետն անդրադարձավ նաև հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին որոշմանն ու դրա կատարման հսկողությանը: Ներքին գործերի նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից մինչև օրս կազմվել է 7 186 վարչական արձանագրություն, 790-ը՝ հանրային սննդի օբյեկտում:
Նիկոլ Փաշինյան - Մեր նպատակը տուգանք գրելը չէ, այլ որ մարդիկ չծխեն, պատասխանատվությունը դնենք սեփականատետերի, աշխատակիցների վրա, որ թույլ չտան: Ուզում ենք արգելենք, որ չծխի, փակ է, թե ոչ... Մեր խնդիրն այն է, որ ծխող մարդու համար դիսկոմֆորտ ստեղծենք:
Առողջապահության նախարարն էլ տեղեկացրեց, որ խստացումները դրական են ազդել ծխողների թվի նվազման վրա: