Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակում հայկական թիմերն այսօր անցկացնելու են պատասխան հանդիպումները: «Փյունիկը» Աբովյանում ընդունելու է «Կալմարին»: Շվեդիայում կայացած խաղն ավարտվել է երևանյան թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Նախախաղային ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վստահեցրել է, որ մրցակիցը շատ լուրջ խնդիրներ է առաջադրելու:
Եղիշե Մելիքյան («Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ) - «Ուրարտուն» ևս պատասխան հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ: Ռումինիայում կայացած խաղի վերջին վայրկյաններին «Ֆարուլը» կարողացել է գոլ խփել ու Երևան ժամանել 1 գնդակի առավելությամբ: Հարցին, թե ինչու է նոր մրցաշրջանում անցկացրած 4 խաղում «Ուրարտուն» տարբեր խաղակեսեր անցկացնում, նախախաղային ասուլիսին «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն պատասխանել է՝ խնդրելով չհամեմատել մրցակիցներին.
Դմիտրի Գունկո («Ուրարտու» ՖԱ գլխավոր մարզիչ) - Ես չէի համեմատի մրցակիցներին: Տարբեր թիմերի հետ էինք մրցում: Մրցակցին հարմարվելու համար երբեմն անհրաժեշտ էր լինում վերադասավորումներ կատարել: «Զրինսկիի» հետ առաջին խաղում Մաքսիմենկոն առաջին խաղն էր անցկացնում «Ուրարտուի» կազմում և հարմարվելու խնդիր կար: «Զրինսկիի» հետ երկրորդ խաղի առաջին կեսում հնարավոր է՝ ինչ-որ բան չէր ստացվում, բայց բոլորը հստակ գիտեին՝ ինչ պետք է անել: ԲԿՄԱ-ի հետ խաղում սաստիկ քամի էր, որը թույլ չէր տալիս գնդակն ուղարկել առաջ: Ֆարուլի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում փոփոխություններ կատարեցի: Նոր խաղացողները չինտեգրվեցին խաղին: Ինտենսիվության պակաս կար՝ հիմնականում պաշտպանությունում:
«Արարատ-Արմենիան» Երևանում լավ ֆուտբոլ խաղաց, սակայն ցանկալի արդյունքի հասնել չկարողացավ: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1 հաշվով: Պատասխան խաղը Սալոնիկում է:
Վարդան Մինասյան - Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ մրցակցի մասին կարծիքս չի փոխվել: Շատ ուժեղ թիմ է: Մենք նրանց հետ մեկ խաղ արդեն անցկացրել ենք, մինչև այդ էլ դիտել էինք նրանց մասնակցությամբ ընկերական և պաշտոնական հանդիպումներ: Շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն: Պետք է նրանց տարածություն և ժամանակ չտանք: Կփորձենք չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը:
Ալաշկերտը նույնպես պատասխան խաղն անցկացնելու է մրցակցի հարկի տակ: Աբովյանում կայացած խաղն ավարտվել է «Դեբրեցենի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղից առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, գնահատելով առաջին խաղի ընթացքը, ասել է, որ արժանի մրցակիցներ են, և պատասխան խաղում իր գլխավորած թիմն ամեն ինչ անելու է հաջորդ փուլ դուրս գալու համար: