Բոլորս պատկերացնում ենք, որ բավական կրիտիկական է իրավիճակը այնտեղ գտնվող պացիենտների համար, ովքեր որ իսկապես կարիք ունեն ավելի նեղ մասնագիտացված օգնության, և ես կուզեի ընդգծել, որ ժամանակի ընթացքում, ինչքան որ շրջափակումը երկարում է, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներին, ովքեր ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք: Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում անդրադառնալով ԼՂ-ում բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների խնդրին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դուք գիտեք որ ԿԽՄԿ կողմից իրականացված վերջին տեղափոխման ընթացքում պացիենտներից մեկին ապօրինի ձևով առևանգել են, կարելի է ասել, և Կարմիր խաչը հստակ իր դիրքորոշումն այս մասով մի քանի անգամ նշել է, որ սա անթույլատրելի է: Ունենք այն, ինչ ունենք այս պահին, և բոլոր աշխատանքներն ուղղված են, որ, նախ, մարդասիրական բեռը, որն այս պահին գտնվում է Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի մոտակայքում, կարողանանք անցկացնել և ինչ-որ ձևով այդ խիստ կարիքը բավարարել և վերադառնանք նորմալ ապրանքաշրջանառության և մարդկանց տեղափոխման, ազատության շրջափուլի»,- նշեց նախարարը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ԼՂ-ում կա՞ն հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում:
«Իհարկե. ես կրկնում եմ՝ բարդ է տարբերակել թիվը. եթե մենք ունենք, օրինակ, հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդներ, որոնք պետք է շաբաթական երկու-երեք անգամ ստանան տվյալ ծառայությունը. չկա տրասնպորտ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների սուղ կարիք կա, նշանակում է, որ նրանք եթե չստանան այդ ծառայությունը, իհարկե, նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը:
Ինչ վերաբերում է երեխաների կաթնախառնուրդների խնդրին, ապա Ավանեսյանը նշեց. «Գիտեք, որ այս բեռների մեջ նաև մեծ մաս են կազմում երեխաների կաթնախառնուրդները, և բացի դրանից՝ մեր մասնագետները նաև աշխատում են մեր Ստեփանակերտի գործընկերների հետ և մայրիկներին հնարավորինս հոգեբանական և այլ աջակցություն ենք ցուցաբերում, որ կրծքով կերակրումը այս պարագայում հնարավորինս օժանդակ լինի, և քիչ կարիք ունենանք կաթնախառնուրդների, բայց այս հարցը ևս օրակարգում խիստ դրված է»:
Խոսելով այն դեղամիջոցների մասին, որոնց ծայրահեղ անհրաժեշտությանը կա, նախարարն ասաց. «Ունենք ցանկեր, այդ ցանկից էլ ելնելով՝ կազմել ենք այն ապրանքները, այն դեղորայքը, որ հիմա գտնվում է հումանիտար բեռում, և կարիք կա այն տեղափոխելու: Դրանք խրոնիկ հիվանդների համար նախատեսվող դեղեր են, հակացնցումային, հակաբորբոքային, լուծույթներ են, ամենօրյա ԲԿ-ներում օգտագործվող դեղորայք է, որը խիստ անհրաժեշտ է»:
Անդրադառնալով դեղորայքի մատակարարման վերաբերյալ միջազգային կառույցների հետ կապին՝ նախարարը նշեց.
«Կապ հաստատելը մշտական է. մենք բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք և նկարագրում ենք իրավիճակը՝ պահանջներ դնելով միջազգային կառույցների առջև՝ իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու, բայց գիտեք, որ Կարմիր խաչն ունի մանդատ տվյալ հումանիտար իրավիճակներում թե՛ պացիենտների, թե՛ հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս հիմա պարալիզացված են»: