2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին:
«Առանցքային նորամուծություններից մեկն այն էր, որ օրենքով հստակ պահանջ սահմանվեց՝ ապրանքի գնի նվազեցումը պետք է իրականացվի նախորդ ամսվա վաճառքի միջին գնից: Կարգավորումը նպատակ ուներ բացառել մոլորեցնող զեղչերը, երբ օրինակ՝ տնտեսվարողները զեղչ հայտարարելուց մեկ-երկու օր առաջ բարձրացնում են ապրանքների գները, այնուհետև զեղչը հաշվարկում այդ բարձր գնից:
ՄՊՀ-ն մեկ տարվա ընթացքում շուրջ 80 ակցիաների ուսումնասիրության արդյունքում հարուցել է 35 վարույթ: Դրանցից 34-ն արդեն ավարտվել է, որոնցով պատասխանող տնտեսվարողներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը: Ընդունված որոշումների արդյունքում տնտեսվարողների նկատմամբ ընդհանուր կիրառվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։
«Սկզբնական շրջանում հանձնաժողովը զերծ է մնացել կոշտ վերահսկողական միջոցառումներից և առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, միաժամանակ նախաձեռնել է տարբեր ձևաչափերով ակտիվ իրազեկման միջոցառումներ: Ըստ դիտարկումների՝ խախտումներն էականորեն նվազել են, և զեղչերն այժմ առավել իրատեսական են: Դրական է նաև այն փաստը, որ իրավախախտումներ թույլ տված տնտեսվարողների մեծ մասն ընդունել է խախտումը: Այնուամենայնիվ, ակցիաների միջոցով հասարակությանը մոլորեցնելու փորձերը դեռևս եզակի չեն, ուստի ՄՊՀ-ն շարունակելու է խոշորացույցի տակ պահել ոլորտը»,-նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Տնտեսվարողների համար
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար սահմանված կարգավորումների վերաբերյալ առավել մատչելի տեղեկատվությունը՝ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներով, հասանելի է հանձնաժողովի կայքում հետևյալ
հղմամբ»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով տուգանք: