ԱԼԻԵՎՆ ՈՒ ԲԱՅՐԱՄՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԼՈՒԻ ԲՈՆՈՅԻՆ
Այսօր Բաքվում, ընդունելով Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու Բաքվի վճռականությունը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի արդյունքների հասնել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։
Անդրադարձել է կատարվել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերին, մասնավորապես Լաչինի միջանցքի արգելակմանը և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին։
Ավելի վաղ Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյին ընդունել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, բանակցությունների հեռանկարները։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
ՎՐԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌԴ
Վրաստանն օգոստոսի 1-ից արգելել է ամերիկյան ավտոմեքենաների արտահանումն ու վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս: Եվրամիության տարածքից ներկրվող մեքենաների համար նույն կանոններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 26-ից, հայտարարել են Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունից: Որոշումը կայացվել է ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի համաձայն։ Մինչ այս որոշումը արգելված էր Եվրամիությունից Ռուսաստան մատակարարել 50 հազար եվրոյից ավելի արժեքով մեքենաներ։
Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների վերջին փաթեթով արգելվում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1,9 լիտր շարժիչով, ինչպես նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաներ:
Վրաստանից Ռուսաստան արտահանման ցանկում մեքենաները 3-րդ են իրենց արժեքով: Այս տարվա առաջին վեց ամսում երկրից ավելի քան 3.700 ավտոմեքենա է արտահանվել Ռուսաստան` ընդհանուր 53 մլն դոլար արժեքով: Ավտոմեքենաների արտահանումը վերջին տարվա ընթացքում աճել է 274 տոկոսով։
ԵՄ-Ն ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները և սահմանափակել է այդ երկիր այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը, որոնք նպաստում են ռազմական և տեխնոլոգիական կատարելագործմանը: Այդ մասին հայտնել են Եվրահանձնաժողովից։ Բացի դրանից՝ ԵՄ-ն արգելք է սահմանել Բելառուս զենք-զինամթերքի, ինչպես նաև ավիացիայի և տիեզերքի ոլորտում օգտագործման համար նախատեսված ապրանքների արտահանման վրա:
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԼԵՀ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Բելառուսի հետ սահմանին առկա լարվածության ֆոնին հանդիպել է լեհական բանակի զինծառայողների հետ։ Նա հայտարարել է, որ Լեհաստանն ապակայունացնելու նպատակով հիբրիդային հարձակումները համակարգվում են Կրեմլի կողմից: Լեհաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ կշարունակեն Բելառուսի հետ սահմանին խմբավորման ստեղծումը:
«Լեհաստանի իշխանությունները շատ բան են անում անվտանգության ապահովման համար։ Սակայն, սադրանքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ռազմական ներկայությունն էլ ավելի մեծացնել՝ ագրեսորին զսպելու և սադրանքները կանխելու համար», - նշել է Բլաշչակը։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էլ շեշտել է, որ որևէ վտանգավոր զարգացման դեպքում իրենք պատրաստ են զենք կիրառել։
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մերձակայքում գտնվող Սոննամ քաղաքում դանակահարության և վրաերթի հետևանքով 13 մարդ է վիրավորվել. կա մեկ զոհ: Կորեայի Հանրապետության ոստիկանական գործակալության ղեկավարը միջադեպը ահաբեկչություն է որակել. հասարակական վայրերում անվտանգության միջոցներն ուժեղացվել են: Յուն Հի Գինը նշել է, որ քաղաքացիների մտահոգությունն այդ հանցագործությունների հետ կապված հասկանալի է:
Դանակահարության նմանօրինակ ևս մեկ դեպք տեղի էր ունեցել օրեր առաջ, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել էին: