ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այս մասին տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության առավել լայն շրջանակներ։
Դեսպան Նարիման Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով։
Դեսպանը նախարարին է փոխանցել նաև ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ Ալ-Բաուարդի Ալ-Ֆալասի հրավերը՝ մասնակցելու «Դուբայ ավիաշոու 2023» ցուցահանդեսին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, փոստային կապի ոլորտներում երկու կողմերի հաջող փորձը, քննարկվել են վենչուրային հիմնադրամների, ինկուբատորների և աքսելերատորների միջև գործարար կապերի հաստատման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» լաբորատորիաների գործունեությանը, Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին առաջարկել է ճանաչողական այց կատարել «Ինժեներական քաղաք» և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ԱՄԷ ոլորտային ընկերություններին հրավիրել է մասնակցելու Երևանում առաջիկայում կայանալիք «DigiTec23» և «ԱրմՀայԹեք 2024» ցուցահանդեսներին: