Մամուլի ազատության ինդեքսում 151-րդ հորիզոնական, լրագրողների բանտարկություններ, սպանություններ, ԶԼՄ ներկայացուցիչների վրա հարձակման դեպքեր. փաստերն Ադրբեջանի մասին են: Մեդիայի նկատմամբ Ալիևի ռեժիմի վայրագությունները սրանով չեն սահմանափակվում, բազմաթիվ են դեպքերը, երբ խոսքի ազատության համար պայքարող լրագրողները բռնաճնշումներից խուսափելու համար լքել են Ադրբեջանը: Տարբեր միջազգային զեկույցներում արձանագրված փաստերը, սակայն Իլհամ Ալիևին չկաշկանդեցին պետական ֆինանսավորմամբ Գլոբալ մեդիա ֆորում անցկացնել Շուշիում: Հայկական լրագրողական կազմակերպությունները կոչով դիմել են ֆորումին մասնակցած միջազգային գործընկերներին:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Մի երկիր, որն ավտորիտար ռեժիմ է հաստատել, և խոսքի ազատությունը ճնշված վիճակում է և աշխարհի 180 երկրներից 151-րդ տեղում է, այդպիսի մեդիաֆորում և, առհասարակ, մեդիայի խնդիրներից համաշխարհային մեդիայի խնդիրներից խոսելը այն տեղը չէ:
Արթուր Պապյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ) - Ակնկալում ենք, որ միջազգային գործընկերները դատապարտեն այն փաստը, որ լրագրողական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ մասնակցում են մեդիաֆորումին մի երկրում, որն իր խոսքի ազատության, մարդու իրավունքների ցուցիչներով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում:
Հուլիսի 22-23-ն իրականացված ֆորումին ելույթ են ունեցել Ադրբեջանի նախագահը, նրա օգնականը: Պետության բարձր հովանու ներքո անցկացված մեդիաֆորումին, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանի և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի, մասնակցող լրագրողները չէին կարող լիարժեքորեն ազատ լինել իրենց բարձրացրած հարցերում:
Արթուր Պապյան - Եթե մասնակցող լրագրողները խոսեին տեղում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներից, խոսեին այն փաստից, որ 120 հազար հայեր, փաստորեն, սովամահության են դատապարտված, հումանիտար ճգնաժամ է, եթե այդ հարցերը չէին տալիս, ուրեմն նրանք այնտեղ որպես լրագրող չէին, և, հետևաբար, տեղի ունեցածն էլ մեդիաֆորում չէր:
Աշոտ Մելիքյան - Եթե նրանք այդ իրավիճակը լուսաբանելու համար կամ Ադրբեջանի լրատվական դաշտի լուրջ խնդիրները, ավտորիտար ռեժիմին բնորոշ, չեն բարձրացրել այդ խնդիրները և քննարկման առարկա չեն դարձրել, ուրեմն նրանց այցելությունը զուտ տուրիստական կամ շահագրգռվածության միտում է ունեցել և, իսկապես մենք տեղյակ ենք, որ այդ լրագրողները և շքեղ պայմաններով են գնացել-եկել, և այնտեղ նվիրատվություններ են եղել և այլն, և այլն, այն, ինչը բացառում է լրագրողական էթիկան:
Ադրբեջանի կազմակերպած մեդիաֆորումը դատապարտել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը:
Լրագրողներ առանց սահմանների - Ադրբեջանի կազմակերպած Գլոբալ մեդիաֆորումն ավարտվում է անարդյունք: Անկախ ԶԼՄ-ներն ու լրագրողները չեն մասնակցել միջոցառմանը: «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է Իլհամ Ալիևի ռեժիմի անսահման երեսպաշտությունը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ մեդիաֆորումին մասնակցել է 50 երկրի ավելի քան 250 մասնակից՝ 120 լրատվամիջոցից: Նրանցից Ստեփանակերտում տիրող վիճակը տեսնելու և աշխարհին ներկայացնելու փորձ է ձեռնարկել ֆորումի մասնակից, Լրագրողների միջազգային ֆեդերացիայի Գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանգերը: «Ֆեյսբուք»-յան հրապարակմամբ լրագրողը տեղեկացրել է՝ մինչև ռուս խաղաղապահների անցակետին հասնելը, շուրջ 100 մետր հեռավորության վրա տեղակայված ադրբեջանական զինծառայողներն արգելել էին նրան ուղևորվել Ստեփանակերտ:
Արթուր Պապյան - Կարևոր արձանագրում էր, որ ոչ թե հայերը չեն թողել, որ նրանք գան, ոչ թե ռուս խաղաղապահները չեն թողել, այլ հենց ադրբեջանցիները:
«Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծեց՝ խորապես մտահոգված են դեպքի առնչությամբ:
Թիմ Դոուսոն (Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ) - Լրագրողների ազատ տեղաշարժը ժողովրդավարության հիմքում է։ Առանց անկախ աչքերի և ականջների՝ միշտ հարցեր կլինեն, թե ինչ է թաքնված: Սա առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին հաղորդագրությունները։ Եթե այդ սահմանափակումները վերացնելու մասին հավաստիացումներ չլինեն, Լրագրողների միջազգային ֆեդերացիան միջազգային մակարդակով հանդես կգա հայտարարություններով:
Մեր հարցմանն արձագանքեց նաև Լրագրողների եվրոպական ֆեդերացիան: Կառույցի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն ընդգծեց՝ քաղաքական շահարկումներից ելնելով հաճախ հակասական տեղեկություններ են ստացվում և կարևոր է, որ լրագրողները հնարավորություն ունենան տեղում ստուգել փաստերը:
Ռիկարդո Գուտիերեզ (Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար) - Լրագրողներին պետք է թույլ տրվի գնալ Ստեփանակերտ՝ սեփական աչքերով տեսնելու քաղաքացիական բնակչության վրա ազդող հումանիտար ճգնաժամը: Մենք հանդես ենք գալու հայտարարությամբ՝ ներգրավված պետություններին կոչ անելով աջակցել լրագրողների տեղաշարժին Ղարաբաղում և հարակից տարածաշրջաններում:
Հայկական լրագրողական կազմակերպությունները նպատակ ունեն հասնել Ադրբեջանի անցկացրած մեդիաֆորումի լիակատար դատապարտմանը՝ հիշեցնելով ոչ միայն Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումների, այլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ և օտարերկրացի լրագրողների՝ ադրբեջանական բանակի կողմից թիրախավորման դեպքերը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան