ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև օգոստոսի տասը ժամանակ է տվել Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություն հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:
ԼՂ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Ռաշիդ Բեգլարյանը օգոստոսի մեկին մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ, իսկ ԼՂ դատախազությունը հայտարարել էր, որ Ռաշիդ Բեգլարյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան գնալու ճանապարհին։
Ռաշիդ Բեգլարյանին մինչև այս պահը չեն տեսակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ այս պահին երկխոսության միջոցով քայլեր են ձեռնարկվում խնդրի առնչությամբ որոշակի առաջընթաց ապահովելու համար:
ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇԻՆԾՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված և ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին, Զառա Ամատունին տեղեկացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակները, այդ թվում՝ 1 բժիշկ, Բաքվում նրան այցելել են հենց ձերբակալության օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան, ստուգել նրա առողջական վիճակը, ծանոթացել պահման պայմաններին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից արդեն հայտնել են, որ Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է: Բաքվում Խաչատրյանին մեղադրում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ենթադրյալ ցեղասպան գործողությունների մասնակցելու համար»։ Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովի պնդմամբ՝ Խաչատրյանի ցուցմունքի հիման վրա միջազգային հետախուզում են հայտարարել ազգությամբ հայ ևս 9 անձի նկատմամբ:
Բաքվից պնդում են, որ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելուց հետո հետազոտել և տեղափոխել են բուժհաստատություն:
Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար օրեր առաջ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև օգոստոսի 8-ը:
Այս դեպքից հետո Կարմիր խաչի միջզգային կոմիտեն դադարեցրել է բուժառուների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան:
Հեղինակ՝ Աննա Զախարյան