Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել: Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ձևաչափով:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստի օրակարգային ամենակարևոր հարցերից է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նշանակումը, որը Յաշար Գյուլերի՝ ազգային պաշտպանության նախարար նշանակվելուց հետո դեռևս թափուր է:
Լրատվամիջոցները գրում են, որ ժողովի նիստի մասին հանրությունը կտեղեկացվի միայն երբ Էրդողանը ստորագրի համապատասխան հրամանագրերը: