Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: Այս մասին «1lurer.am»-ին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկվում խնդրի առնչությամբ որոշակի առաջընթաց ապահովելու համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին, Զառա Ամատունին տեղեկացրեց, որ ԿԽՄԿ պատվիրակները, այդ թվում՝ 1 բժիշկ, Բաքվում նրան այցելել են հենց ձերբակալության օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան, ստուգել նրա առողջական վիճակը, ծանոթացել պահման պայմաններին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել էր ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ էին առաջադրել՝ հայտարարելով, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների է մասնակցել»։
ԼՂ-ից առևանգված մյուս բնակչին՝ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին՝ նշելով, թե նրան ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։
ԼՂ ԱԱԾ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ, իսկ ԼՂ դատախազությունը հայտարարել էր, որ Ռաշիդ Բեգլարյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան գնալու ճանապարհին։