Ի հեճուկս բոլոր բարդությունների՝ մենք, իսկապես, երկարաժամկետ կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք: Այդ մասին ՀՀ Կառավարության օգոստոսի 3-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես օրինակ՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից՝ Կարմիր խաչի կողմից Երևան տեղափոխվող ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը:
Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ:
Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ Լաչինի միջանցքով, առավել ևս որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կոպիտ խախտում է»,- ասաց նա: