Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և ընդհանրապես խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման: Այդ մասին ՀՀ Կառավարության օգոստոսի 3-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ օրը սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում: Հայտարարելով, թե, իբր, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես 2 երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք:
Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել, և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հռետորական հարց տվեց՝ եթե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում:
«Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ:
Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման:
Այդ առումով ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86 600 և 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը: Սպասում ենք Արբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը»,- ասաց նա: