«Խաղաղության կնիք» անունը կրող արվեստի միջազգային 8-րդ սիմպոզիումը Մաչանենց մշակութային կենտրոն է բերել 21 երկրից 84 արվեստագետի։ Մասնակիցների թվում են նաև մեր երկրում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, որոնք, ի տարբերություն նախորդ տարիների, 8-րդ սիմպոզիումին մասնակցում են ոչ թե հյուրի կարգավիճակով, այլ՝ ստեղծագործողի։
Գիորգի Շարվաշիձե (ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան) - Կփորձեմ հնարավորություններիս սահմանում կամ նկարիչների օգնությամբ այնպիսի բան նկարել, որը կկամրջի մշակույթն ու խաղաղությունը։ Նաև ցանկանում եմ, որ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներն ապրեն հաշտ ու համերաշխ։ Թող ամենուր խաղաղություն լինի։
Խաղաղության թեման կարմիր թելի պես բոլոր ստեղծագործությունների առանցքում է։ Տարբեր լեզուներով խոսող, բայց միևնույն ցանկությանը հետամուտ նկարիչներն ու քանդակագործները հավատում են արվեստի ուժին։ Չեխիայի դեսպանն էլ է հավատում, որ արվեստը հրաշքներ կգործի։ Միայն թե ափսոսում է՝ ինքն այդպես էլ նկարել չսովորեց։
Պետր Պիրունչիկ (ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Վերջին անգամ 30 տարի առաջ եմ նկարել, ոչինչ չստացվեց, իսկ նվագել շատ լավ է ստացվում։ Ես երաժիշտ եմ, ջազ եմ սիրում։ Ամեն օր տանը նվագում եմ, հույս ունեմ՝ մի օր էլ հանդիսատեսի համար կնվագեմ։
Միջոցառումը աշխարհի արվեստագետներին համախմբելու, հանրությանը նոր ասելիքով ներկայանալու լավ հնարավորություն է։ Այն նաև գտնված հարթակ է՝ հայ արվետագետներին հանրահռչակելու, ինչպես նաև՝ միջմշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար։
Նորա Արիսյան (ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Այստեղ միավորվում են մշակույթն ու հոգևոր արժեքները: Այս սիմպոզիումի վերնագիրը կապված է խաղաղության հետ, այն խաղաղության, որը մենք Սիրայում 10 տարուց ավելի կորցրել ենք, և ուրախ եմ, որ Սիրիան էլ է այստեղ ներկայացված։
Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր Սուսաննա Մկրտչյանի կտավներում սովորաբար Ալեքպոլի մշակութային կյանքը զարգացնող ազնվական ընտանիքներն են, բայց նա այսօր ծաղկած կակտուսներով նատյուրմորտ է նկարում՝ իրեն հատուկ փիլիսոփայությամբ։
Սուսաննա Մկրտչյան (ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր) - Կակտուսները թեև փուշ ունեն, բայց գեղեցիկ ծաղկում են, իսկ գեղեցիկը պետք է նաև պաշտպան ունենա, մենք էլ գեղեցիկ կյանք ունենալու համար պետք է փուշ ունենանք։
Նախաձեռնության հեղինակները հավատում են, որ խաղաղության հասնելու լավագույն ուղիներից մեկը մշակութային դիվանագիտությունն է։
Գիրգոր Մաչանենց (Բաբախանյան Մաչանենց մշակութային կենտրոնի հիմնադիր) - Մենք մտածեցինք արվեստի միջոցով դիվանագետներին ներգրավել, իրենք իրենց խաղաղության կնիքը դնեն ոչ միայն դիվանագիտության, նաև արվեստի միջոցով։ Եվ իրենց համաձայնությունը տան, որ խաղաղությունը անհավանական բան չէ։
Անահիտ Քեշիշյան (Մաչանենց մշակութային կենտրոնի դեսպանը Սկանդինավյան երկրներում) - Դիմում եմ աշխարհին, որ լայն բացեն աչքերը, տեսնեն ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում, այլևս լռել չի կարելի։
Սիմպոզիումը կտևի 7 օր, արվեստագետների՝ տեղում ստեղծված աշխատանքները մշտական ցուցադրության կներկայացվեն արվեստի միջազգային թանգարանում: