Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է պակիստանցի իր գործընկեր Բիլավալ Բհուտտո Զարդարի հետ՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի և Պակիստանի միջև համապարփակ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակման և սահմանային անվտանգության ամրապնդման խնդիրներին։
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև առևտրային փոխանակումների ընդլայնումը և տնտեսական համագործակցության խորացումը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և միջազգային զարգացումներին։
Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարների հանդիպման ավարտին ստորագրվել է երկու երկրների միջև առևտրային գործընկերության հնգամյա ռազմավարական ծրագիր 2023-2028 թվականների համար: